Եվրամիությունը գագաթաժողով կանցկացնի Չինաստանի հետ, որպեսզի փորձի թուլացնել աճող լարվածությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ եւ առեւտրի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը, հայտնում է Reuters-ը։
«Մենք գիտենք, որ Չինաստանի հետ հարաբերությունների բարդ փուլում ենք գտնվում»,- Եվրախորհրդարանի առեւտրային հանձնաժողովում ասել է Դոմբրովսկիսը:
Դոմբրովսկիսը հիշատակել է Չինաստանի հետ ներդրումային համաձայնագիրը, որն ընդհատվել է այն բանից հետո, երբ Պեկինը պատժամիջոցներ է սահմանել Եվրախորհրդարանի որոշ անդամների նկատմամբ, եւ Չինաստանի ու Լիտվայի միջեւ վեճից հետո, երբ վերջինս թույլ է տվել Թայվանին դե ֆակտո դեսպանատուն բացել Վիլնյուսում:
«Ակնհայտ է, որ այս թեմաներից մի քանիսը պետք է քննարկվեն ամենաբարձր քաղաքական մակարդակով, որպեսզի տեսնենք, թե որքանով մենք կարող ենք համաձայնեցնել եւ բարելավել մեր համագործակցությունը»,- ասել Դոմբրովսկիսը:
ԵՄ ներկայացուցչի խոսքով՝ գագաթաժողովը, ամենայն հավանականությամբ, վիրտուալ կլինի։
Դոմբրովսկիսը չի ասել, թե կքննարկի արդյոք ինքը ուկրաինական ճգնաժամը գալիք գագաթաժողովում, բայց խոստովանել է, թե կա վտանգ, որ հակամարտության արդյունքում Չինաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավելի սերտ համագործակցություն կարող է առաջանալ: «Իրականում նշաններ կան, որ դա արդեն տեղի է ունենում... Ինչպես գիտեք, Չինաստանը շատ զգուշավոր է այս հակամարտության նկատմամբ: Նրանք ակնհայտորեն չեն հետեւում արեւմտյան ժողովրդավարական աշխարհի օրինակին եւ ճնշում չեն գործադրում»։





























