Շվեյցարիայի խոշորագույն  SWISS ավիաընկերությունը կսկսի ինքնաթիռների համար ծածկույթ օգտագործել, որի հատկանիշները մոտ են շնաձկան կաշվին: Այդ ինքնաթիռների շարքը ստացել է AeroSHARK անվանումը, փոխանցում է Nat-geo-ն։

«Մեր Boeing 777-300ER բոլոր 12 ինքնաթիռները ծածկված կլինեն նորարարական թաղանթով, որը մշակվել է Lufthansa Technik-ի եւ քիմիկատներ եւ ծածկույթներ արտադրող BASF-ի կողմից: AeroSHARK թաղանթը կազմված է միլիոնավոր «կողերից»՝ ընդամենը 50 միկրոմետր բարձրությամբ փոքր ելուստներից, որոնք նմանակում են շնաձկան բարձր աերոդինամիկությամբ մաշկի կառուցվածքը: Այդպես, այս ծածկույթը նվազեցնում է օդանավի աերոդինամիկ դիմադրությունը»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:

Boeing 777-ի հիմնամասի եւ  թաղանթի մակերեսին ընդհանուր 950 քառակուսի մետր AeroSHARK ծալքավոր թաղանթ դնելով՝ կարելի է վառելիքի մոտ 1.1 տոկոս խնայողության հասնել: Դա կնվազեցնի SWISS-ի տարեկան վառելիքի սպառումը ավելի քան 4800 տոննայով, իսկ Boeing 777-ի տարեկան CO2 ընդհանուր արտանետումները՝ 15200 տոննայով: Այս քանակությունը մոտավորապես հավասար է Ցյուրիխից Մումբայ 87 հեռահար թռիչքների արտանետումներին:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը ավիացիոն ոլորտի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերներից մեկն է, եւ մինչեւ 2050 թվականն ածխածնի զրոյական արտանետումների հասնելը SWISS-ի հիմնական ռազմավարական նպատակն է»,- ասել է Շվեյցարիայի գլխավոր տնօրեն Դիթեր Վրանքսը: Վրանքսի տվյալներով՝ AeroSHARK նախագիծը կգործարկվի 2022 թվականի կեսերին։

Այդպիսի թաղանթը դիմացկուն է ուլտրամանուշակագույն ճառագայթման, ջրի, վառելիքի եւ ջերմաստիճանի եւ ճնշման ուժեղ տատանումների նկատմամբ: Մշակողներն արդեն փորձարկել են այն Boeing 747-400-ի հիմնամասի ստորին մասում: Փորձարկման արդյունքների համաձայն՝ դիմադրությունը նվազել է 0.8 տոկոսով։

«Նոր AeroSHARK տեխնոլոգիայի ներդրումը կարեւոր նախաձեռնություն է ածխածնի արտանետումները նվազագույնի հասցնելու մեր ջանքերում: Այն նաեւ ընդգծում է մեր ձգտումը նորարար տեխնոլոգիաներին: Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել մինչեւ 2030 թվականը կիսով չափ կրճատել ածխածնի մաքուր արտանետումները 2019 թվականի մակարդակից եւ մինչեւ 2050 թվականը մեր թռիչքները ածխածնային չեզոք դարձնել»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ: