2022թ. հունվարի 1-ից աշխատանքային միգրանտների մատնահետքերի գրանցման, լուսանկարման ընթացակարգերը, ինչպես նաեւ բուժզննումը պարտադիր են դարձել Ռուսաստան մտնելու պահից 30 օրացուցային օրվա ընթացքում։ Այս մասին մարտի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Նա հիշեցրել է, որ աշխատանքային միգրանտներ են համարվում այն անձինք, ովքեր լրացնելով միգրացիոն քարտը՝ այցի նպատակ են նշում «աշխատանքը», եւ նախազգուշացրել է, որ այս պայմանը չկատարելու դեպքում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ, եւ քաղաքացին չի կարողանա աշխատանքային պայմանագիր կնքել։

Ինչ վերաբերում է Ռուսաստանում 90 օրից ավելի գտնվող քաղաքացիներին, ապա, ըստ նրա, նրանց թվին են պատկանում աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամները, ուսանողները եւ այլք, որոնք նույնպես պետք է մատնահետք հանձնեն, լուսանկարվեն եւ բուժզննում անցնեն, բայց արդեն 90 օրվա ընթացքում։

«Նախ եւ առաջ՝ պետք է բուժզննում անցնել, իսկ հետո արդեն մատնահետքերի գրանցման եւ լուսանկարվելու ընթացակարգերը։ Բժշկական եզրակացություն ստանալու համար պետք է քիմիաթունաբանական հետազոտություն անցնել (թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի օգտագործման զննում), ինչպես նաեւ վարակիչ հիվանդությունների (տուբերկուլյոզ, բոր, սիֆիլիս, ՄԻԱՎ) առկայությունը պարզելու նպատակով։ Մարտի 1-ից կորոնավիրուսը հանվել է այդ ցուցակից։ Բացի այդ, երեկվանից քիմիաթունաբանական հետազոտությունը պարտադիր է 13 տարեկանից բարձր քաղաքացիների համար»,- ավելացրել է Դավթյանը։

Նա պարզաբանել է, որ քաղաքացին պետք է բուժզննում անցնի 5 օրվա ընթացքում կամ 18 օրվա ընթացքում, եթե կա վարակիչ հիվանդությունների կամ թմրանյութերի օգտագործման կասկած։

«Բուժզննումը հաջող անցնելու դեպքում տրվում է երկու փաստաթուղթ՝ ՄԻԱՎ-ի բացակայության մասին տեղեկանք եւ տեղեկանք այն մասին, որ մարդը սպառնալիք չի ներկայացնում շրջապատողների համար։ Բժշկական եզրակացության ժամկետը 2022թ. մարտի 1-ից սահմանվել է 1 տարի։ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են բուժհաստատությունների ցանկը, որտեղ կարելի է բուժզննում անցնել։ Վերոնշյալ կետերի խախտման դեպքում մեկ օրվա ընթացքում քաղաքացուն տեղեկացնում են այն մասին, որ երեք օրվա ընթացքում նա պետք է հեռանա Ռուսաստանից։ Եթե անձը չի կատարում այս պահանջը, ապա կարող է տուգանվել, վտարվել՝ առաջիկա հինգ տարիներին Ռուսաստան մտնելու իրավունքից զրկվելով»,- նշել է պաշտոնյան։

Ռուսաստան այցելող Հայաստանի քաղաքացիները մինչեւ 90 օր կարող են գտնվել այդ երկրում՝ առանց հատուկ ընթացակարգերն անցնելու, ինչից հետո պետք է ներկայացնել հիմնավորում Ռուսաստանում գտնվելու համար։

«Ռուսաստան 90 օրով այցելող Հայաստանի քաղաքացիների համար մատնահետքի գրանցման, լուսանկարվելու եւ բժշկական եզրակացության անհրաժեշտություն չկա։ Առանձնացվել է քաղաքացիների մի կարգ եւս, որը Ռուսաստան է մեկնել մինչեւ 2021թ. դեկտեմբերի 29-ը (մինչեւ նոր օրենքի ուժի մեջ մտնելը)։  Նրանց վերոնշյալ ընթացակարգերն անցնելու պահանջ չի ներկայացվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դուրս չեն եկել Ռուսաստանից»,- ընդգծել է նա։

Այս ընթացակարգը, ըստ Դավթյանի, պարտադիր չէ նաեւ այն անձանց համար, ովքեր մշտական բնակության եւ ժամանակավոր բնակության թույլտվություններ ունեն, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր այս կամ այն պատճառով արդեն անցել են այդ ընթացակարգերը։

«Բացառություն է արվել նաեւ մինչեւ 6 տարեկան երեխաների, դիվանագիտական ծառայողների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցների եւ Բելառուսի քաղաքացիների համար»,- ամփոփել է Հայաստանի միգրացիոն ծառայության պետի տեղակալը։