Հայաստանում խաղողի գնման պայմանագրերը պետք է նախապես կնքվեն։ Ցանկալի է տարեսկզբին։ Այս մասին մարտի 2-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Այսպես, մի շարք դեպքերում գինու եւ կոնյակի գործարանները հրաժարվում են խաղող գնել՝ հայտարարելով, որ չեն կարողանում այն մթերել։ Այս դեպքում գյուղացիները փաստի առաջ են կանգնում։ Չէ որ խաղողը արագ է փչանում, եւ նույնիսկ մեկ օրվա ուշացումը ազդում է դրա որակի վրա։ Ուստի գյուղացիների համար գնումների եւ վճարումների մասով իրավական երաշխիքներ ստեղծելու նպատակով նախարարությունը որոշել է ֆյուչերսային պայմանագրերի պրակտիկա ներդնել։
Դրանք կկնքվեն տարեսկզբին, բայց նույն տարվա աշնանը գնման եւ վճարման պայմանով։ «Հիմա քիչ ընկերություններ են դա անում։ Շատերը պայմանագրերը կնքում են արդեն գնման պահին: Այսինքն զուտ ձեւական։ Նախարարությունը ցանկանում է, որ գյուղացիները տարեսկզբին իմանան, թե որտեղ եւ ինչ գնով են հանձնելու խաղողը եւ դրա դիմաց վճարում ստանալու։
Այս ամենը պետք է գրվի պայմանագրերում։ Իհարկե, մենք չենք կարող նման պայմանագրերը հարկադրաբար ներդնել, սակայն կարող ենք անուղղակի ազդեցություն ունենալ։ Օրինակ՝ պետական սուբսիդավորմամբ տրվող արտոնյալ վարկեր կստանան միայն նրանք, ովքեր հենց այսպիսի պայմանագրեր կկնքեն»,- պարզաբանեց նախարարը։




























