Հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի ներկրումից նվազեցնելու եւ երկրների էներգահամակարգերը մատակարարումների խափանումների կամ գների բարձրացման հարցում ավելի դիմացկուն դարձնելու պլաններ կառաջարկի, գրում է Reuters-ը։
ԵՄ-ն, որի կազմում 27 երկիր կա, ներմուծում է իր կողմից սպառվող գազի 90 տոկոսը, որի մոտ 40 տոկոսը գալիս է Ռուսաստանից։ Ռուսական մատակարարումները կայուն են մնացել ուկրաինական ճգնաժամից հետո, սակայն գները բարձրացել են այն մտավախությունների պատճառով, որ ԵՄ պատժամիջոցները կարող են ազդել ռուսական գազի վրա կամ Մոսկվան կարող է սահմանափակել մատակարարումները:
Եվրահանձնաժողովի նախագծում ասվում է, որ ԵՄ-ում գազի պահեստարանները մինչեւ այս տարվա սեպտեմբերի 30-ը պետք է առնվազն 80 տոկոսով լցվեն՝ հաջորդ ձմռանը մատակարարման խափանումներից պաշտպանվելու համար:
Հանձնաժողովը կհամակարգի միջոցառումները, որպեսզի ապահովի դա: Երկրները պահեստներից օգտվողներին կարող են պարտավորեցնել, որ լրացնեն նվազագույն ծավալը, կամ փոխանցման համակարգի օպերատորներին հանձնարարել, որ գազի ռազմավարական պաշարներ գնեն:
Այն նաեւ դիտարկում է ԵՄ երկրներին ուղղված օրենսդրական պահանջի հնարավորությունը, ըստ որի՝ գազի պահեստները մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 30-ը պետք է լրացվեն մինչեւ նվազագույն մակարդակ, ասվում է նախագծում։
Ըստ Gas Infrastructure Europe-ի տվյալների՝ ԵՄ գազի պահեստներն այժմ լցված են 29 տոկոսով, ինչը մոտ 8 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա համեմատ:
Հանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է այս ձմռանը հաղթահարել ռուսական գազի մատակարարման մասնակի խափանումը՝ մատնանշելով երկրների պահեստավորման եւ արտակարգ իրավիճակների պլանները մատակարարման խափանումների դեպքում:
Կարճաժամկետ հեռանկարում Բրյուսելը ցանկանում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները։ Ռուսական հոսքերի խափանումների վերաբերյալ մտահոգությունները ԵՄ-ին ստիպել են այլընտրանքային մատակարարումներ փնտրել այլ երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Կատարից եւ Ճապոնիայից:
Եվրոպա հեղուկ բնական գազի ներմուծումը հունվարին հասել է ռեկորդային առավելագույն ցուցանիշի՝ 11 մլրդ խ/մ-ի։
Նախագծում ասվում է, որ ԵՄ-ն գազի խոշոր գնորդների հետ կքննարկի շուկայի միջնաժամկետ զարգացումները՝ փորձելով խուսափել «շուկայական կոնֆլիկտային պրակտիկայից», որը կարող է հանգեցնել գների բարձրացման:
Նա նաեւ խոստացել է մեծացնել աջակցությունը կանաչ ջրածնի նախագծերին եւ ասել է, որ երկրները պետք է օգտագործեն ԵՄ գյուղատնտեսական սուբսիդավորման հսկայական բյուջեն՝ թափոններից կենսագազի արտադրությունը ֆինանսավորելու համար:
Հանձնաժողովը նաեւ կհայտնի ԵՄ երկրներին, որ նրանք կարող են հարկել էներգետիկ ընկերությունների շահույթը, որը կստացվի գազի վերջին թանկացումներից, եւ եկամուտները ներդնել էներգիայի վերականգնվող աղբյուրների մեջ կամ էլեկտրաէներգիայի բարձր գներից տուժած սպառողների եւ արդյունաբերության աջակցության մեջ:
ԵՄ անդամ 27 երկրների մեծ մասի կառավարություններն արդեն կիրառում են արտակարգ միջոցներ, ինչպիսիք են հարկային արտոնությունները եւ սուբսիդիաները, որպեսզի պաշտպանեն տնային տնտեսություններին էլեկտրաէներգիայի թանկացումներից, որոնք վերջին ամիսներին բարձրացել են գազի գների աճի ֆոնին:




























