Սպիտակ տունը, կարծես թե, հրաժարվել է ռուսական նավթի արտահանումն արգելելու գաղափարից եւ հայտարարել է, որ դա չի բխում ԱՄՆ ռազմավարական շահերից, քանի որ կարող են նավթի համաշխարհային մատակարարումների խափանումներ եւ դրանց հետ կապված հետեւանքներ լինել, հայտնում է CNN-ը։
«Մենք էներգիայի գլոբալ մատակարարումների կրճատման հարցում ռազմավարական շահագրգռվածություն չունենք»,- լրագրողներին ասել է մամուլի քարտուղարի գլխավոր տեղակալ Կարին Ժան-Պիեռը:
Արտահանման արգելքը, նրա խոսքով, «կբարձրացնի բենզինի գները ամերիկացիների համար», ինչի մասին Սպիտակ տունը «շատ լավ իրազեկված է»: Նա գովել է ամերիկյան ընկերություններին, որոնք խզում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ ասել է, որ վարչակազմը «ողջունում է այդ հայտարարությունները»:
Սակայն Ժան-Պիեռը նշել է, որ վարչակազմը ռազմավարական առումով ուզում է ժամանակի ընթացքում Ռուսաստանի էներգետիկ կարգավիճակի վրա ազդել: «Մենք, մեր դաշնակիցներն ու գործընկերները Ռուսաստանի՝ որպես էներգիայի առաջատար մատակարարի կարգավիճակը ժամանակի ընթացքում վատթարացնելու մեծ շահագրգռվածություն ունենք: Ահա թե ինչու էինք խոսում դիվերսիֆիկացիայի մասին։ Ահա թե ինչու մենք փակեցինք «Հյուսիսային հոսք 2»-ը։ Ահա թե ինչու ենք մենք օգնում արագացնել ռուսական գազի դիվերսիֆիկացիան։ Եվ հենց դրա համար ենք հրաժարվում այն կարեւոր տեխնոլոգիական ռեսուրսներից, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին նավթի եւ գազի արդյունահանման իր կարողությունները պահպանելու համար»,- ասել է նա։
Այս ավելի զուսպ մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ռուսական նավթի արտահանման դեմ պատժամիջոցները դեռեւս հնարավոր են: «Ոչինչ քննարկման շրջանակներից դուրս չէ»,- չորեքշաբթի ավելի վաղ նշել էր Բայդենը՝ հստակ պնդելով, որ ռուսական նավթի արտահանումը պետք է արգելվի:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին այսօր առավոտյան CNN-ին ասել է, որ որոշում կայացնելիս վարչակազմը լրջորեն կքննարկի ԱՄՆ-ի եւ համաշխարհային նավթի շուկաների աշխատանքի լուրջ խափանումների հնարավորությունը: «Այն, ինչ նա (Բայդենը) չի ցանկանում, դա նավթի համաշխարհային շուկաները կամ համաշխարհային շուկան տապալելն է կամ ամերիկացիների վրա էներգիայի եւ գազի բարձր գներով ազդելը»։





























