Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնություն տալ «ԲԻՈ ԲԵՐՐԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԲԻՈ ԲԵՐՐԻ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է հիմնել 14,080 մետր մակերեսով հատապտղային ջերմոց։ Վերջինիս մրցակցային հիմնական առավելությունը ջերմատան հագեցվածությունն է ամենաարդիական ոռոգման, տաքացման և սառեցման համակարգերով։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 780 մլն դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 741․8 մլն դրամի կապիտալ ներդրում և 31․4 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 25 նոր աշխատատեղ` մինչև 200,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերության արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել ԵԱՏՄ երկրներ։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 633․2մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 32․6մլն դրամ: