Վրաց Պատրիարք Իլյա երկրորդը կիրակնօրյա քարոզի ժամանակ Թբիլիսիում հայտարարել է, որ չնայած տարաձայնություններին՝ Վրաց ուղղափառ եկեղեցին եւ Սուրբ Սինոդը «եղել եւ մնում են մեկ ամբողջություն»։
«Մի քանի օր առաջ կայացել է Սուրբ Սինոդի նիստը։ Մենք քննարկել ենք պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները։ Նիստին պետք է հնչեր մի փորձագետի տեսակետ, սակայն բարձր հոգեւորականության մի մասը դեմ էր արտահայտվել այդ փորձագետին խոսելու հնարավորություն տալու վերաբերյալ: Սա սովորական երեւույթ է, բայց ավելի ուշ այն մարդկանց, ովքեր մեծամասնության հետ համաձայն չէին, դավաճաններ անվանեցին։ Դա բացարձակապես անընդունելի է։ Ուզում եմ որպես Ամենայն վրաց Պատրիարք ասել, որ չեմ հանդիպել դավաճանի, դավաճան եպիսկոպոսի»,- հայտարարել է նա։
Իլյա Երկրորդը կոչ է արել «զգույշ լինել եւ նման մեղք իր վրա չվերցնել»։ Վրաց ուղղափառ եկեղեցին եւ Սուրբ Սինոդը «եղել եւ մնում են մեկ ամբողջություն, եւ մենք մեր ծառայությունը կշարունակենք այդ տրամադրվածությամբ»,- հայտարարել է Պատրիարքը՝ ավելացնելով, որ «ով փորձում է պառակտել Վրաց ուղղափառ եկեղեցին, չի մաքրվի անգամ մարտիրոսվելով»։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի՝ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելուց եւ կրոնական մի քանի համայնքների իրավաբանական անձի կարգավիճակ տալուց հետո, Վրաց ուղղափառ եկեղեցին բողոքի ալիք էր բարձրացրել։ Արդյունքում հավաքվել էր Սուրբ Սինոդը, որի արդյունքերով Վրաստանի իշխանությունները եւ Վրաց ուղղափառ եկեղեցին պայմանավորվել էին համատեղ հատուկ հանձնաժողովների ստեղծման շուրջ, որոնք պետք է զբաղվեն խնդրահարույց հարցերի լուծմամբ։



























