Սյունիքի մարզում, այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վարորդի դին դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել է նաև «Սիսիան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է վարորդի մահը։





























