Հնդկաստանը կբարձրացնի բենզինի ու դիզելային վառելիքի գները հաջորդ շաբաթ՝ ավելի քան չորս ամսվա ընթացքում առաջին անգամ, քանի որ նավթի համաշխարհային գները կտրուկ բարձրացել են ուկրաինական հակամարտության ֆոնին, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք պաշտոնյաների կարծիքը:
Ասիայի՝ մեծությամբ երրորդ էկոնոմիկան, որը ներկրում է իրեն անհրաժեշտ նավթի 80 տոկոսը, բախվում է մանրածախ ինֆլյացիայի հետ, որը կենտրոնական բանկի թույլատրելի սահմանից վեր է 6 տոկոսով, քանի որ ընկերությունները գրանցել են նոյեմբերից ի վեր նավթի, ինչպես նաեւ այլ ներկրվող հումքի գների բարձրացում շուրջ 40 տոկոսով, ասում են տնտեսագետները:
Պետական նավթային ընկերությունները, որոնք վերահսկում են ներքին շուկան, չեն բարձրացրել գները՝ սկսած նոյեմբերի 4-ից՝ ձգտելով օգնել վարչապետ Նարենդրա Մոդիի՝ «Բխարաթիա Ջանաթա» կուսակցությանը նահանգի ժողովի որոշիչ ընտրությունների ժամանակ, այդ թվում՝ Ուտար Պրադեշ ամենախիտ բնակեցված նահանգում:
«Նավթային ընկերությունները կարող են աստիճանաբար բարձրացնել գները մարտի 7-ին ընտրությունների ավարտից հետո»,-ասել է նավթի գների մասին ներքին քննարկումներին լավատեղյակ աղբյուրը:
Նավթի գները բարձրացել են ուկրաինական ճգնաժամի էսկալացիայի ֆոնին, Brent ապրանքանշի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցում է 116 դոլարը, մինչդեռ ցորենի, սոյայի, պարարտանյութերի եւ մետաղների (պղինձ, պողպատ եւ ալյումին) անկանոն մատակարարումը հարվածել է համաշխարհային գներին, ինչը մտավախություններ է առաջացնում գների եւ տնտեսական իրավիճակի առթիվ:
Պետական նավթային ընկերությունները հայտարարել են Հնդկաստանի կառավարությանը, որ նրանց անհրաժեշտ է բարձրացնել բենզինի ու դիզելային վառելիքի գները՝ մեկ լիտրի դիմաց 10-12 ռուպիով:
Նավթի իրացման ոլորտում պետական ընկերության բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ իրենք բախվել են դժվարությունների հետ, սակայն հրաժարվել են թվեր նշել: «Մենք հսկայական կորուստներ ենք կրում»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:
Կառավարությունը հարվածը մեղմելու համար հազիվ թե նվազեցնի վառելիքի հարկերը մինչեւ ֆինանսական տարվա ավարտը՝ մարտի 31-ը՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը պետական եկամուտների վրա, ասել է մեկ ուրիշ բարձրաստիճան պետական պաշտոնյան:
«Մենք կարող ենք դիտարկել վառելիքի հարկի նվազեցման մասին առաջարկն ապրիլին»:




























