Երկրորդ՝ կարիք չկա ամեն գնով պահպանել դրամի փոխարժեքը։ Այդպիսի քաղաքականությունը Հայաստանի վրա շատ ավելի թանկ կնստի, քան՝ շուկայական փոխարժեքի պահպանման դեպքում, իհարկե՝ ողջամիտ սահմաններում։ Հետխորհրդային մյուս երկրների ռուբլու եւ ազգային արժույթների արժեզրկման պայմաններում Հայաստանից արտահանվող ապրանքները կթանկանան։ Բացի այդ, այդպիսի քաղաքականությունը կարող է պահուստների կրճատման հանգեցնել:
Երրորդ, հաշվի առնելով պատժամիջոցների տակ հայտնվելու ռիսկերը, մենք պետք է մտածենք այդ պաշարներն Արեւմուտքից ավելի ապահով վայրերում պահելու մասին։
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն անհամեմատելի են Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Ղրիմի իրադարձություններից հետո ճգնաժամերի ժամանակ տեղի ունեցածի հետ։ Հիմա ամեն ինչ շատ ավելի լուրջ է։ Այդ պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը 1.5 տոկոսով պակաս էր, քան կարող էր լինել։ Գործող պատժամիջոցներն ավելի լուրջ ազդեցություն կունենան։ Ամեն ինչ կախված է նրանից ՝ արդյո՞ք պատերազմական գործողությունների ավարտից հետո պատժամիջոցները կվերացվեն, որքա՞ն կտեւեն որոշ պատժամիջոցներ, ինչպիսի՞ հակաքայլեր կձեռնարկի Ռուսաստանը եւ ի՞նչ դիրքորոշում կարտահայտեն Չինաստանն ու Հնդկաստանը։
Հայաստանի Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում եւս նախազգուշացրեց այս կամ այն ուղղությամբ տարանցիկ երկրի դեր ստանձնելու հնարավոր փորձերից, քանի որ դա ավելորդ ուշադրություն կգրավի երկրի նկատմամբ եւ լուրջ վտանգի կենթարկի տնտեսությունը։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ բիզնեսն ազգություն չի ճանաչում, այն միայն շահույթ է հետապնդում։ «Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված՝ տնտեսվարող սուբյեկտներն այժմ քիչ թե շատ հարմարավետ միջավայր են փնտրում։ Հայաստանն այժմ համեմատաբար հարմար երկիր է դրա համար։ Բայց եթե գտնվեն մեզնից ավելի հարմարավետ երկրներ, ապա նրանք կարող են արտագաղթել այլ վայրեր։ Հայաստանի հարեւանների նման հարեւանների (Թուրքիա և Ադրբեջան) պարագայում ռիսկեր միշտ էլ կան։ Դրան գումարվում է ռեսուրսների պակասը եւ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը»,- հավելեց տնտեսագետը։




























