ԱՄՆ-ի Մեն նահանգի Արուստուկ շրջանի դատարանում «հոգեթերապեւտ» լաբրադորը մարդկանց հետ աշխատելու համար ծառայության է անցել, հաղորդում է Bangor Daily News-ը:

Շան ձագը պատկանում է շրջանային դատախազ Թոդ Քոլինզին։ Քոլինզի խոսքով՝ լաբրադորը կօգնի մխիթարել երեխաներին եւ բռնության զոհերին ողջ դատավարության ընթացքում: Բացի այդ, Հոլիդեյ մականունով լաբրադորը կարող է իրավապահ մարմինների, շտապ բուժօգնության աշխատակիցներին եւ հրշեջներին օգնել ազատվել սթրեսից։ 

«Դատարանի շենքում շունը կարող է էմոցիոնալ աջակցություն տրամադրել յուրաքանչյուրին»,- ավելացրել է Քոլինզը:   

Հոլիդեյը մոտ 14 շաբաթական է: Շունը սովորում է ոչ միայն ծառայողական շան հմտություններ, այլեւ ուշադիր լինել, որպեսզի չխանգարի դատական ​​նիստերի ընթացքին։ Մարզիչի խոսքով՝ դրա համար մոտ երկու տարի կպահանջվի։