«Ռոսսելխոզնադզորը» թույլ է տալիս մատակարարել բանջարեղեն մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից ու Եգիպտոսից: Այդ մասին ասվում է կառույցի հաղորդագրության մեջ:
«2022թ. մարտի 5-ից «Ռոսսելխոզնադզորը» չեղարկում է ավելի վաղ ընդունված սահմանափակումներն ու վերականգնում Ռուսաստանում բանջարեղենի ներկրումն ինը երկրներից առանց հաշվի առնելու արտադրող ձեռնարկությունների նկատմամբ սահմանափակումները»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Այսպես, թույլատրվում է ներկրել լոլիկ Հայաստանից եւ Ադրբեջանից, լոլիկ եւ պղպեղ՝ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, կարտոֆիլ՝ Եգիպտոսից, լոլիկ, պղպեղ, դդմիկ ու սմբուկ՝ Թուրքիայից: Որոշումն ընդունվել է տարածաշրջայնացման (ռեգիոնալիզացիա) մասին տեղեկատվության վերլուծության արդյունքում, որը տրամադրվել է վերոնշյալ երկրների բույսերի պաշտպանության եւ կարանտինի գծով ազգային կազմակերպությունների կողմից, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ անդամ երկրների ֆիտոսանիտարական պահանջների խախտումները թույլ չտալու ուղղությամբ ընդունված միջոցների վերլուծության հիման վրա:





























