Ուկրաինայում պատերազմն «աղետ» է ամբողջ աշխարհի համար, որը կկրճատի համաշխարհային տնտեսական աճը, ВВС-ին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահը:
«Ուկրաինայում պատերազմը տեղի է ունենում աշխարհի համար խիստ անհարմար ժամանակաշրջանում, քանի որ ինֆլյացիան արդեն աճել է»,-ասել է Դեւիդ Մալփասը:
Մալփասը համարում է, որ պատերազմի տնտեսական հետեւանքները տարածվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, եւ էներգակիրների ոլորտում համաշխարհային գների թանկացումը «մեծապես հարվածել է աղքատներին, այնպես, ինչպես նաեւ ինֆլյացիան»:
Մալփասը նշել է, որ ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ուկրաինան սննդամթերքի խոշոր արտադրողներ են: S&P Global Platts-ի տվյալներով՝ Ուկրաինան աշխարհում արեւածաղկի ձեթի խոշորագույն արտադրողն է, իսկ Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Միեւնույն ժամանակ նրանք կազմում են համաշխարհային արտադրության 60 տոկոսը:
JP Morgan-ի տվյալներով՝ երկու երկրները նաեւ արտահանում են ցորենի 28,9 տոկոսը: Չիկագոյի ֆյուչերսների բորսայում ցորենի գինը սակարգվում է 14 տարվա կտրվածքով առավելագույն ցուցանշի վրա:
Այդ ապրանքների ռուսական մատակարարումը սահմանափակված է լայնորեն տարածված պատժամիջոցների պատճառով, որոնց հետեւանքով աշխարհի մնացած երկրները չեն կարող ձեռքբերել նրանց արտադրանքը: Ուկրաինական մատակարարումը դադարեցվել է, քանի որ ռազմական գործողությունները փակել են երկրի նավահանգիստները:
«Հնարավոր չէ բավականաչափ արագ հարմարվել Ուկրաինայից եւ Ռուսաստանից ներկրումների կասեցմանը, եւ դա բարձրացնում է գները»,-հավելել է Մալփասը:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաեւ ռուսական էներգամատակարարմանը, եւ դա հատկապես վնասակար է Արեւմտյան Եվրոպայի համար, որտեղ կառավարությունները «անտեսել են բավականաչափ էներգաէներգիայով ապահովելու մյուս ասպեկտները»: ԵՄ-ում էլեկտրաէներգիայի շուրջ 39 տոկոսը ստացվում է էլեկտրակայաններից, որոնք գործում են հանածո վառելիքի հիման վրա, իսկ Ռուսաստանը նավթի ու գազի խոշորագույն աղբյուր է:
Քանի որ ԵՄ-ն ձգտում է արագացնել անցումը դեպի էներգիայի այլ աղբյուրները, Վլադիմիր Պուտինի կառավարությունը կարող է ընդմիշտ կորցնել իր շուկաների մի մասը, հայտարարել է Մալփասը: Եկամտի այդ կորուստը ռուբլու փոխարժեքի անկման եւ դրա հետ կապված ինֆլյացիայի հետ մեկտեղ միջոցներից մեկն է, որով այս պատերազմը կազդի Ռուսաստանում կյանքի որակի վրա:





























