Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Թինա Քեյդանաուին: Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ամերիկյան համագործակցությունը եւ շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած ծավալուն աջակցության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Զրուցակիցները կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը եւ ընդգծել, որ հարաբերությունների հաստատումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում: Թինա Քեյդանաուն նշել է, որ Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով բազմիցս է արտահայտել իր այդ դիրքորոշումը եւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մյուս փուլերում եւս շարունակելու է հավատարիմ մնալ դրան:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կողմ է առկա խնդիրների այնպիսի լուծումների, որոնք հիմնավորապես կնպաստեն կայուն խաղաղությանն ու զարգացմանը:




























