Չինաստանը եւ Ռուսաստանը կպահպանեն ռազմավարական ուղղվածությունը եւ կշարունակեն խորացնել համապարփակ ռազմավարական համակարգումը նոր դարաշրջանում։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Վան Ին, հաղորդում է Xinhua-ն։

Նրա խոսքով՝ բարդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է հանգստություն եւ ռացիոնալություն, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնող եւ լարվածությունը սրող գործողություններ:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին՝ նա ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին հավատարիմ մնալու, բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու եւ պաշտպանելու անհրաժեշտությունը։      

Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ խաղաղ երկխոսության խթանման գործում եւ համագործակցել միջազգային հանրության հետ՝  անհրաժեշտ միջնորդություն իրականացնելու համար։ «Միջազգային հանրությունը պետք է կենտրոնացնի իր ջանքերը՝ ռուս-ուկրաինական բանակցություններին սատարելու եւ լայնածավալ մարդասիրական ճգնաժամը կանխելու համար։

Վան Ին հանդես է եկել վեց կետից բաղկացած նախաձեռնությամբ։ 

Առաջին հերթին, պետք է ջանքեր գործադրել, որպեսզի մարդասիրական գործողությունները համապատասխանեն չեզոքության եւ անաչառության սկզբունքին, պետք է խուսափել մարդասիրական հարցերի քաղաքականացումից: 

Երկրորդ հերթին, պետք է լիակատար ուշադրություն հատկացվի Ուկրաինայից տեղահանվածներին՝ նրանց համապատասխան կացարանով ապահովելու համար:

Պետք է ջանքեր գործադրել՝ ապահովելու մարդասիրական օգնության անվտանգ եւ անխափան իրականացոմը, ներառյալ մարդասիրական արագ, անվտանգ եւ անարգել մուտքի ապահովումը։

Վան Ին կոչ է արել ապահովել Ուկրաինայում օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը, թույլ տալ նրանց անվտանգ հեռանալ եւ օգնել նրանց վերադառնալ իրենց երկրներ։     

Նշելով, որ Չինաստանը կշարունակի իր ջանքերը մարդասիրական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ՝ Վան Ին ասել է, որ չինական Կարմիր խաչի հանրությունը հնարավորինս սեղմ ժամկետում Ուկրաինային կտրամադրի շտապ մարդասիրական օգնություն։

Միեւնույն ժամանակ, Վան Ին ասել է, որ Թայվանում եւ Ուկրաինայում իրավիճակներն անհամեմատելի են, եւ կան «բացահայտ երկակի ստանդարտներ» ինքնիշխանության նկատմամբ։

Նրա խոսքով՝ Թայվանում եւ Ուկրաինայում իրավիճակները «սկզբունքորեն տարբեր են եւ ոչ մի կերպ չեն կարող համեմատվել»։ Նա նշել է, որ քանի որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Թայվանի հարցը զուտ ներքին խնդիր է, իսկ Ուկրաինան հակամարտություն է երկու երկրների միջեւ, հաղորդում է South China Mornina Post-ը։    

Նա նշել է, որ ԱՄՆ-ում ոմանք փորձել են վիճարկել այս սկզբունքը եւ խրախուսել «Թայվանի անկախությունը»՝ զսպելու Չինաստանի վերելքը։ «Սա ոչ միայն Թայվանին կդնի վտանգավոր դրության մեջ, այլեւ կհանգեցնի անտանելի հետեւանքների ամերիկյան կողմի համար»,- ասել է նա։