Հունգարիան թույլ է տալիս ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել երկրի արեւմտյան հատվածում եւ իր տարածքով զենք մատակարարել ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է Hungary today-ը։
Միեւնույն ժամանակ հրամանագրում նշվում է, որ Հունգարիան թույլ չի տա իր տարածքով մահաբեր զենք մատակարարել Ուկրաինային։
Ազգային անվտանգության օպերատիվ խորհրդի նիստից հետո Օրբանն ասել է, որ մասնակիցները գնահատել են պատերազմի իրավիճակը 12-րդ օրվա դրությամբ։ Հրապարակվել է հրամանագիր, որում «հստակեցվում է, որ Հունգարիայի տարածքից Ուկրաինայի տարածք զենք չի կարող փոխադրվել»,- ասել է նա։
Կառավարությունը թույլ է տալիս Հունգարիայի միջոցով ռազմական տեխնիկա եւ զենք փոխանցել ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ՝ Ուկրաինայի զինված ուժերի համար, բայց ոչ նույն տեխնիկայի ուղղակի փոխանցումը հունգարա-ուկրաինական սահմանով՝ ո՛չ ցամաքային, ո՛չ օդային:
Օրբանը «տագնապալի» է անվանել, որ Ուկրաինայում ռազմական գործողություններն ավելի են մոտենում Հունգարիային: Նրա խոսքով՝ արդյունքում փախստականների թիվը կավելանա։ «Մենք պետք է պատրաստ լինենք նրան, որ ստիպված ենք լինելու հոգ տանել ավելի ու ավելի շատ մարդկանց մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Վիշեգրադյան խմբի վարչապետները երեքշաբթի օրը կհանդիպեն Լոնդոնում՝ հինգշաբթի եւ ուրբաթ օրը Փարիզում կայանալիք Եվրամիության վարչապետների հանդիպումից առաջ։ «Մենք կփորձենք կանգնեցնել պատերազմը եւ սկսել բանակցություններ, որոնք կարող են հանգեցնել խաղաղության»,- ասել է նա։





























