Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին, NEWS.am–ին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթություններ և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, մասնավորապես՝ Ուկրաինայում գտնվող ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանության հարցեր:
Պաշտպանը դեսպանի հետ կիսվել է նաև նախորդ շաբաթ Արցախ կատարած այցի արդյունքում արձանագրված փաստերով ու հետևություններով: Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է համարում շփման գծին և ադրբեջանական հենակետերին մոտ տեղակայված գյուղերի բնակչության բնականոն կյանքը խաթարելուն միտված ադրբեջանական զինված ուժերի սադրանքները՝ վկայակոչելով Խրամորթում և Նորշենում տեղի ունեցած վերջին դեպքերը:
Պաշտպանի դիրքորոշմամբ սա շարունակվող, կազմակերպված և մեկ կետից կառավարվող քաղաքականության արդյունք է: Տվյալ քաղաքականության ապացույց է նաև երկու հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ հարուցված դատավարությունները, ովքեր վերջերս դատապարտվեցին համապատասխանաբար 19 և 18 տարի ազատազրկման: Պաշտպանը նշել է, որ սրանք արհեստական դատավարություններ են, ինչը Ժնևյան կոնվենցիայի կոպիտ խախտում է:
Շփման գծին մոտ գյուղերի բնականոն կյանքը խաթարելուն միտված սադրանքները մտահոգիչ են․ ՄԻՊ–ը՝ Ֆրանսիայի դեսպանին

Թեմա




























