Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների ամերիկյան ֆինանսավորման ծավալները ավելի քան 200 մլն դոլար են կազմում, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած նյութերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, ներկայացված են ֆինանսավորվող լաբորատորիաների ենթակառուցվածքը։ Դրանց թվում են գիտահետազոտական ինստիտուտները եւ սանիտարահամաճարակային լաբորատորիաները, որոնցից են՝ Կիեւի Լ. Վ. Գրոմաշեւսկու անվան համաճարակաբանության եւ վարակիչ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը, Կիեւի անասնաբուժության ինստիտուտը, Ուկրաինայի առողջապահության նախարարության հանրային առողջության կենտրոնը՝ Կիեւում, Ի․ Ի․ Մեչնիկովի անվան մանրէաբանության եւ իմունոլոգիայի ինստիտուտը՝ Խարկովում, Ի․ Ի․ Մեչնիկովի անվան ուկրաինական գիտահետազոտական հակաժանտախտային ինստիտուտը՝ Օդեսայում, եւ Լվովի համաճարակաբանության եւ հիգիենայի գիտահետազոտական ինստիտուտը: Ընդհանուր առմամբ, ֆինանսավորումը կազմել է մոտ 200 մլն ԱՄՆ դոլար: Ուկրաինայի տարածքում ռազմական-կենսաբանական հետազոտությունների շրջանակներում ԱՄՆ-ի գործունեության ուղղություններից են կենսաբանական իրավիճակի մոնիթորինգը, շտամների եւ կենսանյութերի ընտրությունն ու փոխանցումը, այդ թվում՝ ռազմական անձնակազմից ստացվածները, ինչպես նաեւ՝ գիտահետազոտական աշխատանքները։

Ներկայացված նյութերում ցույց է տրվում նաեւ Եվրոպաում եւ աշխարհում կենսաբանական իրավիճակի վատթարացման քարտեզը։ Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ի տվյալներով, Եվրոպայում կարմրուկի ամենաբարձր ցուցանիշները 2018թ․ Ուկրաինան է ցույց տվել։

Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայում ձեւավորվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանց, որոնց աշխատանքների պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից Սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։

Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին դրանք բոլորը Ուկրաինայի առողջապահության նախարարությունից հանձնարարություն են ստացել ամբողջությամբ ոչնչացնել լաբորատորիաներում առկա բիոագենտները։ Զորքերի ղեկավարը նշել է, որ հավաքածուների լուծարման ընթացակարգն ուղղված է դրանց անդառնալի ոչնչացմանը, քանի որ, ըստ ամենայնի, ռազմական կենսաբանական ծրագրի իրագործումը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչն արդեն հանվել է Ուկրաինայի տարածքից։

Կիրակի օրը ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռազմական կենսաբանական ծրագրի փաստեր են բացահայտել։ Գեներալի խոսքով՝ ուկրաինական կենսաբանական լաբորատորիաների աշխատակիցներից տեղեկատվություն է ստացվել փետրվարի 24-ին հատկապես վտանգավոր պաթոգենների՝ ժանտախտի, սիբիրախտի, տուլարեմիայի, խոլերայի եւ մահացու այլ հիվանդությունների հարուցիչների հրատապ ոչնչացման մասին։