Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելք սահմանել ԱՄՆ ռուսական նավթի ներմուծման համար՝ առանց Եվրոպայում դաշնակիցների մասնակցության, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ակնկալվում է, որ երկուշաբթի օրը նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանս կանցկացնի Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության առաջնորդների հետ, քանի որ ամերիկյան վարչակազմը ձգտում է ներմուծման արգելքի համար նրանց աջակցությանը ձեռք բերել:

Սպիտակ տունը նաեւ բանակցություններ է վարում Կոնգրեսի առաջնորդների հետ, որոնք աշխատում են արագացնել ռուսական ներմուծումը արգելող օրենքի ընդունումը, ինչը ստիպում է վարչակազմին արագացված ռեժիմով աշխատել, նշել է աղբյուրը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց «հավանաբար միայն ԱՄՆ-ը կգնա դրան, եթե դա տեղի ունենա»:

Նավթի գները բարձրացել են 2008-ից ի վեր ամենաբարձր մակարդակին՝ կապված համաշխարհային շուկաներ իրանական նավթի հնարավոր վերադարձի հետաձգման հետ, եւ նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու եվրոպական դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանից ներմուծումն արգելելու հարցը:

Եվրոպան հում նավթի եւ բնական գազի առումով կախված է Ռուսաստանից, սակայն ավելի բաց է դարձել ռուսական նավթամթերքներն արգելելու գաղափարի համար։ Միացյալ Նահանգները շատ ավելի քիչ է կախված ռուսական նավթից եւ նավթամթերքներից, սակայն արգելքը կբարձրացնի գները եւ կանդրադառնա ամերիկացի սպառողների վրա, ովքեր արդեն բախվում են բենզալցակայաններում պատմականորեն բարձր գների:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի օրն ասել է, որ իրենք «ուսումնասիրում են» ռուսական նավթի ներկրումը արգելելու օրենքը, եւ Կոնգրեսը մտադիր է այս շաբաթ 10 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային։

Հինգշաբթի օրը ամերիկացի սենատորների երկկուսակցական խումբը օրինագիծ է ներկայացրել, որն արգելում է ռուսական նավթի ներկրումը ԱՄՆ: Օրինագիծը արագացված քննարկում է անցնում։

Այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները բացառում է միկողմանի կերպով ռուսական նավթի ներկրման արգելքը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է. «Ես չեմ պատրաստվում բացառել այս կամ այն ձեւով միջոցների ձեռնարկումը»: Միեւնույն ժամանակ, Սպիտակ տունը չի հերքել, որ Բայդենը կարող է մեկնել Սաուդյան Արաբիա, քանի որ ԱՄՆ-ը փորձում է ստիպել Էր Ռիադին ավելացնել էներգիայի արտադրությունը: Axios-ը հայտնել է, որ ուղեւորությունը հնարավոր է։

«Սրանք վաղաժամ ենթադրություններ են, եւ որեւէ ուղեւորություն չի նախատեսվում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: