Ուկրաինական ճգնաժամը չպետք է առաջնորդներին շեղի կլիմայական ճգնաժամի էսկալացիայից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Պատրիսիա Էսպինոսան։

«Թեեւ պատերազմը շատ տառապանքներ է բերում, գլոբալ տաքացումը մնում է մարդկության համար ամենաարագ աճող սպառնալիքը»,- ասել է Էսպինոսան Reuters-ին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ մտադիր է լքել պաշտոնը հուլիսին՝ իր լիազորությունների երկրորդ եռամյա ժամկետի ավարտից հետո։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան պայմանագիր է 196 երկրների մասնակցությամբ, որը հրավիրում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի հարցով գլոբալ բանակցություններ։

«Սա օրակարգ է, որը չի կարելի հետաձգել»,- ասել է նա՝ հավելելով, որ պատերազմի հետեւանքով առաջացած էներգետիկ անվտանգության հետ կապված մտավախությունները կարող են երկրներին դրդել՝ անցում կատարել մաքուր էներգիայի։

«Սա շատ կարեւոր փոփոխություն է էներգետիկ անցման խնդրի լուծման մոտեցման մեջ»,- ասել է Էսպինոսան:

Նոյեմբերին ՄԱԿ-ի COP26 գագաթաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն այս տարի կթարմացնեն արտանետումների կրճատման իրենց պարտավորությունները, քանի որ ներկայիս ծրագրերը չեն կարողանում սահմանափակել տաքացումը մինչեւ 1,5 °C: