ԵՄ-ն ռուսական էներգառեսուրսներից իր կախվածությունը վերացնելու ծրագիր է ներկայացրել։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս տարի կկրճատի ռուսական գազի ներմուծումը երկու երրորդով եւ կվերացնի ռուսական նավթի եւ գազի ընդհանուր պահանջը մինչեւ 2030թ․։

Նշվում է, որ ԵՄ-ն մտադիր է վերացնել իր կախվածությունը ռուսական գազից՝ «դիվերսիֆիկացնելով գազի մատակարարումները ոչ ռուսաստանյան մատակարարներից՝ հեղուկացված բնական գազի ներմուծման ավելացման հաշվին, ինչպես նաեւ ավելացնելով բիոմեթանի եւ վերականգնվող ջրածնի արտադրությունն ու ներմուծումը, նվազեցնելով տներում, շենքերում, արդյունաբերություններում եւ էներգետիկ ցանցերում հանածո վառելիքի օգտագործումը, ավելացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը եւ էլեկտրիֆիկացումը, ինչպես նաեւ վերացնելով ենթակառուցվածքներում նեղ հատվածները»:

ԵՄ-ն նաեւ հայտարարել է էներգակիրների գների կտրուկ աճին հակազդելու մի շարք միջոցների մասին։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է. «Մենք պետք է անկախանանք ռուսական նավթից, ածուխից եւ գազից։ Մենք պարզապես չենք կարող հույս դնել մատակարարի վրա, ով մեզ ակնհայտորեն սպառնում է: Մենք պետք է գործենք հիմա՝ մեղմելու էներգակիրների գների աճի ազդեցությունը, դիվերսիֆիկացնելու մեր գազի մատակարարումները հաջորդ ձմռանը եւ արագացնելու անցումը էկոլոգիապես մաքուր էներգիայի»։

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնն ասել է, որ ԵՄ-ն «բավարար գազ» ունի, սակայն «շտապ պետք է համալրի պաշարները հաջորդ տարվա համար»: