Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետություններ կարող են դառնալ ԱՄՆ-ը, Թուրքիան եւ հարեւան երկրները։ Այս մասին ասվում է Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության հայտարարության մեջ, որով առաջարկվում է պայմանագիր կնքել, որը կարող է Ուկրաինայի համար լիարժեք անվտանգություն ապահովել՝ մինչեւ ՆԱՏՕ-ին նրա անդամակցելը։
«Դաշինքը պատրաստ չէ ընդունել Ուկրաինային առաջիկա 15 տարիների ընթացքում եւ այդ մասին հստակ ասում է։ Մենք նույնիսկ արդար պատերազմում բացարձակապես աջակցություն չունենք Դաշինքի կողմից, միայն առանձին պետությունների կողմից։
Քանի որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելն անհնար է, մենք չենք կարող մեր պետությունը պաշտպանելու համար օգտագործել միայն Սահմանադրության տողերը՝ դեպի Դաշինք ընթացքի մասին... Ուստի պետք է խոսել կոնկրետ բաների մասին։ Կոնկրետ պայմանագրի մասին, որը կարող է Ուկրաինային ապահովել ամբողջական անվտանգություն այնքան ժամանակ, քանի դեռ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել մեզ։ Այն պետք է տարբերվի Բուդապեշտի հուշագրից, նախատեսի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների քաղաքական, տնտեսական եւ ռազմական կոնկրետ քայլեր։ Այդպիսի երաշխավոր երկրներ կարող են լինել ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուկրաինայի հարեւան պետությունները։ Ռուսաստանն իր հերթին պետք է նաեւ իրավաբանորեն արձանագրի, որ ճանաչում է ուկրաինական պետականությունը եւ երաշխավորում է, որ չի սպառնա պետությանը»,- ասվում է հայտարարության մեջ։





























