Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել հնարավորինս արագ մարտական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին ասվում է Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում, հաղորդում է УНИАН-ը։

«14 օր լայնածավալ, դաժան պատերազմ, ահաբեկչություն մեր ժողովրդի դեմ, քաղաքների ոչնչացում, տարածքների շրջափակում, մշտական ​​ռմբակոծում։ 14 օր՝ առանց որոշման՝ ոչ մեր կողմից։ Մենք որոշում կկայացնեինք հաշված ժամերի ընթացքում, եթե անհրաժեշտ լիներ օգնել մեր ընկերներին։ Ուկրաինան իր գործընկերներին կրկնում է ռուսական ներխուժման առաջին օրվանից, որ եթե չփակեք երկինքը, պատասխանատվություն եք կրելու այս աղետի, մարդասիրական այս մասշտաբային աղետի համար»,- ասել է Զելենսկին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հրթիռներ, ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ է օգտագործում խաղաղ բնակչության, քաղաքների եւ ենթակառուցվածքների դեմ։

«Արձագանքելն աշխարհի մարդասիրական պարտավորությունն է, սակայն չկա լուծում։ Մենք երախտապարտ ենք Լեհաստանին այլընտրանքի եւ մեզ մարտական ​​ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար։ Խնդիրը լոգիստիկայի մեջ է։ Ըստ էության, տեխնիկական խնդիր է»,- ասել է նախագահը։

Նա ընդգծել է, որ այս հարցին պետք է անհապաղ լուծում տալ։

«Մենք բոլորս էլ լսել ենք, լրատվամիջոցներից կարդացել ենք, որ ամերիկյան կողմի եւ Լեհաստանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Լեհաստանը որոշել է ինքնաթիռները փոխանցել համապատասխան բազա, ամերիկյան բազա։ Բայց միեւնույն ժամանակ մենք լսում ենք, որ Լեհաստանի առաջարկն, իբր, անհիմն է։ Եվ դա ասում են Վաշինգտոնում: Դա նաեւ այն է, ինչ մենք կարդացել եւ տեսել ենք։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Լսե՛ք, մեզ մոտ պատերազմ է․․․Դա պինգ-պոնգ չէ, դա մարդկային կյանք է։ Մենք կրկին խնդրում ենք արագ լուծում գտնել։ Մեզ ինքնաթիռներ ուղարկեք»,- հորդորել է Զելենսկին։

Ուկրաինայի իշխանությունները միջազգային գործընկերներին խնդրում են Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել եւ զինված ուժերին կործանիչներ տրամադրել։

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն հրաժարվում են ոչ թռիչքային գոտի սահմանել։