ԱՄՆ-ն դե ֆակտո տնտեսական պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնի տեսանկյունից Ուկրաինայում ճգնաժամի ելքը, իբր, «Պուտինի ռազմավարական պարտությունն է», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԱՄՆ-ն, անկասկած, տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ Այո, դե ֆակտո այդպես է»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ հնարավորություններ ունի Մոսկվան այս պատերազմում չպարտվելու համար, Պեսկովն ասել է, որ պետք է անել այն, ինչ լավագույն համապատասխանում է ՌԴ-ի շահերին։

Նա չի հստակեցրել, թե ինչ ոլորտներում Ռուսաստանը կարող է պատասխան պատժամիջոցներ կիրառել։

Պեսկովի խոսքով՝ համաշխարհային էներգետիկ շուկաներում իրավիճակն անկայուն է, եւ հայտնի չէ, թե «տուրբուլենտության ինչ աստիճանի կհասնի»։

Մեկնաբանելով Նուլանդի հայտարարությունը, թե «Հյուսիսային հոսք 2»-ը «մետաղի կույտ» է, Պեսկովը նշել է, որ «այդ մասին խոսում է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը»։ Նա նշել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարը «մետաղ չէ, բայց պատրաստ է շահագործման»։

Հարցին, թե ինչ գներով են ռուսական էներգակիրները մատակարարվում, Պեսկովն առաջարկել է հարցն ուղղել մատակարար ընկերություններին։ «Կան պայմանագրային պարտավորություններ»,- ասել է նա։

Պեսկովը նշել է, որ ռուսական էներգակիրներ գնելուց հրաժարվելու ԱՄՆ-ի որոշումը Մոսկվան լրջորեն կքննարկի, սակայն Ռուսաստանի Դաշնությունը կանի այն, ինչ իրեն ձեռնտու է այս իրավիճակում։

«Ի՞նչ է անելու Ռուսաստանը. Ռուսաստանը կանի այն, ինչ իրեն պետք է, ինչն իրեն ձեռնտու է այս իրավիճակում»,- ընդգծել է Պեսկովը։ «Մենք պաշտպանում ենք մեր շահերը, անելու ենք ամեն ինչ՝ մեր շահերին համապատասխան»,- նշել է նա։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը եղել է եւ կլինի համաշխարհային մակարդակի էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ռուսաստանը եղել է, կա եւ այսուհետեւ մնում է էներգետիկ անվտանգության հուսալի երաշխավոր ոչ միայն եվրոպական մայրցամաքի համար, այլեւ համաշխարհային մակարդակով»,- ընդգծել է նա։

Կրեմլի խոսնակը նշել է, որ «Ռուսաստանը պահպանում է էներգառեսուրսների հուսալի մատակարարի համբավը»։

Ինչպես նշել է Պեսկովը, եվրոպացի առաջնորդները միաձայն ընդունում են, որ Ռուսաստանի Դաշնությունը կատարում է իր պարտավորությունները գործող բոլոր պայմանագրերով։ «Բայց դուք տեսնում եք այն թշնամական վակխանալիան, որը կազմակերպել են հավաքական Արեւմուտքի երկրները, եւ որն, իհարկե, շատ է բարդացնում իրավիճակը եւ ստիպում է մեզ լրջորեն մտածել դրա մասին»,- ամփոփել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Բայդենը նախօրեին հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանից եւ նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկ ոլորտում։