Երկու ամերիկացիները, այդ թվում՝ Citgo նավթային հսկայի նախկին ղեկավարը, ազատ են արձակվել Վենեսուելայի բանտից նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ ամերիկյան բարձրաստիճան պատվիրակության հանդիպումից մի քանի օր անց, հաղորդում է  AFP-ը:

Citgo-ի ղեկավար Գուստավո Կարդենասը, այսպես կոչված, «Citgo 6»-ից մեկն է՝ Վենեսուելայում ծնված ԱՄՆ 5 քաղաքացիներից մեկը, որն ունի մշտական կացության իրավունք ԱՄՆ-ում եւ որը 2017 թվականից ի վեր պահվում է Վենեսուելայում՝ մեղադրվելով կառուպցիայի մեջ:

Բոլոր վեց ղեկավարները դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման, եւ Վաշինգտոնը բազմիցս խնդրել էր նրանց ազատ արձակել, իսկ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը նախորդ տարի հոկտեմբերին հայտարարել էր, որ նրանք պահվում են՝ որպես «քաղաքական խաղազինվորներ»:

Փաստաբան Հեսուս Լորետոն հայտարարել է, որ մնացած 5-ը դեռեւս գտնվում են կալանքի տակ:

Citgo-ն ԱՄՆ-ում PDVSA վենեսուելական պետական նավթային ընկերության դուստր ձեռնարկությունն է:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Կարդենասի ու երկրորդ ամերիկացու՝ Խորխե Ալբերտո Ֆերնանդեսի ազատումը՝ հայտարարելով, որ նրանք ապօրինաբար էին բերման ենթարկվել Վենեսուելայում:

«Մենք նաեւ հիշում ենք յուրաքանչյուր ամերիկացու անունն ու պատմությունը, որն իր կամքին հակառակ անարդարացիորեն պահվում է Վենեսուելայում, Ռուսաստանում, Աֆղանստանում, Սիրիայում, Չինաստանում, Իրանում եմ այլ երկրներում»,-ասվում է Բայդենի հայտարարություն մեջ:

Ֆերնանդեսը, որը ծագումով Կուբայից է, ձերբակալվել է 2021 թվականին Կոլումբիայի հետ սահմանին ահաբեկչության մեջ մեղադրանքով:

ԱՄՆ-ի պատվիրակությունը, որը հանգստյան օրերին ժամանել էր Կարակաս, Մադուրոյի հետ քննարկել էր էներգակիրների մատակարարումը, քանի որ Վաշինգտոնը փնտրում է ռուսական նավթի ներկրումը փոխարինելու ուղիներ:

Հանդիպումը դիտարկվում էր՝ որպես հարաբերություններում շրջադարձային հնարավորություն, քանի որ Միացյալ Նահանգները դադարեցրել են Վենեսուելայում իրենց դեսպանատան աշխատանքը 2019 թվականին այն բանից հետո, երբ Մադուրոն հայտարարել էր 2018 թվականի ընտրություններում իր հաղթանակի մասին:

Ավելի քան 50 երկրների հետ մեկտեղ Միացյալ Նահանգները ճանաչել էին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ որպես ժամանակավոր նախագահ եւ սահմանել մի շարք պատժամիջոցներ, այդ թվում՝ նավթի ներկրման էմբարգո Մադուրոյին տապալելու նպատակով:

ԱՄՆ արդարադատության նախարարը նաեւ մեղադրել էր Մադուրոյին թմրամիջոցներով առեւտրի մեջ եւ անգամ առաջարկել 15 միլիոն դոլարի չափով պարգեւատրում տեղեկատվության դիմաց, որը կհանգեցնի նրա կալանավորմանը:

Այդուհանդերձ, Մադուրոյի խոսքով, նախորդ հանգստյան օրերին պատվիրակությունն անցկացրել է հարգալից եւ դիվանագիտական հանդիպում, որը տեւել է շուրջ երկու ժամ:

Չնայած Մադուրոն չի ասել, թե ինչ թեմաներ են քննարկվել՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է, որ էներգետիկ անվտանգությունը եղել է քննարկված հարցերից մեկը: