Շրի Լանկան խստացրել է ապրանքների լայն տեսականու ներմուծման սահմանափակումները՝ վիսկիից մինչեւ խոհանոցային տեխնիկա, քանի որ արտարժույթի անբավարարությունը տնտեսությունը հասցրել է փլուզման եզրին, հաղորդում է AFP-ը:
2020թ․ մարտին արդեն իսկ գործում էր այնպիսի թանկարժեք ապրանքների ներմուծման արգելքը, ինչպիսին են մեքենաները, կառավարությունը փորձում էր կասեցնել դոլարների արտահոսքը, որոնք անհրաժեշտ էին Շրի Լանկայի պարտքերը մարելու համար։
Նոր կանոնների համաձայն՝ 350 ապրանքներ, որոնք կառավարությունը շքեղության պարագաներ է համարում, չեն կարող ազատ ներմուծվել, դրանց թվում են խնձորը, խաղողը եւ նարինջը։ Շոկոլադը, պանիրն ու մակարոնեղենը նույնպես չեն թույլատրվի, եթե կառավարությունը բացառություն չանի։
Այս միջոցները ձեռնարկվել են երկու օր անց այն բանից, երբ կառավարությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ գրեթե 15 տոկոսով արժեզրկեց տեղական արժույթը՝ հուսահատորեն փորձելով դրամական փոխանցումների միջոցով ավելի շատ դոլարներ գրավել:
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ այս տարի Շրի Լանկային մոտ 7 մլրդ դոլար է անհրաժեշտ՝ իր արտաքին պարտքը սպասարկելու համար, սակայն երկրի արժութային պահուստները փետրվարի վերջին ընդամենը 2,02 մլրդ դոլար են կազմել:





























