Թուրքիայի կառավարությունն արգելել է յուղերի եւ մարգարինի, այդ թվում՝ արեւածաղկի յուղի արտահանումը՝ հերքելով, որ այդ մթերքների պակաս կա։

Գյուղատնտեսության նախարարությունը որոշումը չորեքշաբթի օրն է կայացրել, հաղորդում է Dünya թերթը։

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունն արգելում է արտադրանքի վաճառքն արտասահմանում՝ ներքին պահանջարկի եւ գների դինամիկայի հետ կապված խնդիրները լուծելու նպատակով։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը գլխավոր ընդդիմադիր կուսակցությանը մեղադրել է սննդամթերքի պակասի պատճառով խուճապ առաջացնելու մեջ։

«Սննդամթերքի հիմնական պաշարների սպառման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, եւ Թուրքիան արեւածաղկի յուղի բավարար պաշարներ ունի»,- ասել է գյուղատնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին: Նրա խոսքով, այն խոսակցությունները, թե արժեթղթերի նվազման պատճառով գները բարձրացել են, իրականությանը չեն համապատասխանում:

Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ թուրքերը կռվում արեւածաղկի յուղի համար: Սա դրդել է ընդդիմությանը կառավարությանը մեղադրել մատակարարումները չապահովելու եւ տնտեսական քաղաքականության ձախողման մեջ:

Բուսական յուղի եւ այլ մթերքների առկայության եւ գների վերաբերյալ սպառողների մտահոգությունն առաջացել է այն բանից հետո, երբ ներքին ինֆլյացիան փետրվարին արագացել է՝ հասնելով 54,4 տոկոսի:

Արտահանման արգելքը կտարածվի նաեւ սոյայի յուղի, արեւածաղկի սերմերի, բամբակի յուղի, ռապսի յուղի, մանանեխի յուղի, եգիպտացորենի յուղի եւ մարգարինի վրա։