Իր կործանիչները ԱՄՆ-ի տրամադրության տակ փոխանցելու Լեհաստանի առաջարկը ցույց է տալիս, որ «որոշ դժվարություններ» կան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հարցին, թե հնարավոր համարում է արդյոք «ՄիԳ-29» կործանիչների մատակարարումը Ուկրաինային, Բլինքենը պատասխանել է, թե «Ուկրաինայում մեր բարեկամներին որեւէ սարքավորում փոխանցելու մասին որոշումն ի վերջո յուրաքանչյուր կառավարություն ինքնուրույն է կայացնում»։
«Գերմանիայում ՆԱՏՕ-ի ամերիկյան բազայից դեպի Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից վիճարկվող օդային տարածք (կործանիչի) թռիչքը լուրջ մտահոգություններ է առաջացնում ամբողջ դաշինքի մոտ: Այսպիսով, մենք պետք է աշխատենք այս առանձնահատկությունների վրա: Մենք պարզապես չենք հասկանում, թե արդյոք կա հիմնավոր պատճառ, որպեսզի արվի այնպես, ինչպես առաջարկվել էր երեկ... Կարծում եմ, այն, ինչ մենք տեսնում ենք, այն է, որ Լեհաստանի առաջարկը ցույց է տալիս, որ կան որոշ դժվարություններ այս հարցում, երբ խոսքը վերաբերում է անվտանգության ոլորտում օգնության տրամադրմանը։ Մենք պետք է համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում»:
Նրա խոսքով՝ ամերիկյան զորքերի մուտքն Ուկրաինայի տարածք «գրեթե անկասկած կհանգեցնի» ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ հակամարտության։ «Սա ոչ մեր երկրների, ոչ էլ Ուկրաինայի շահերից չի բխում»։





























