ԱՄԷ-ն կողմ է նավթի արդյունահանման ծավալների մեծացմանն ու կխրախուսի ՕՊԵԿ-ին դիտարկել արդյունահանման մակարդակը բարձրացնելու մասին հարցը: Այդ մասին CNN-ին հայտարարել է Վաշինգտոնում ԱՄԷ-ի դեսպան Յուսեֆ Ալ Օթայբան:
«Արդեն ավելի քան 50 տարի է, ինչ ԱՄԷ-ն համաշխարհային շուկաներում էներգիայի հուսալի եւ պատասխանատու մատակարար է եւ համարում է, որ էներգետիկ շուկաներում կայունությունը վճռորոշ է համաշխարհային տնտեսության համար»,-ասել է նա:
Սաուդյան Արաբիան ու ԱՄԷ-ն նավթարդյունահանման համաշխարհային առաջնորդներից են, որոնք կարող են մեծացնել դրա ծավալները էներգակիրների գները նվազեցնելու համար: Չնայած գների թանկացմանը՝ նախորդ շաբաթ երկու երկրները հաստատել են իրենց հակվածությունը նավթի արդյունահանման մասին ՕՊԵՔ+ի համաձայնագրի նկատմամբ:
Չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կիսում է Պարսից ծոցի հետ «շատ կարեւոր շահերը», այդ թվում՝ էներգիայի համաշխարհային մատակարարման հարցում, եւ իրենք շատ կառուցողական հարաբերություններ ունեն՝ հաշվի առնելով այդ շահերը:





























