Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերերի, այդ թվում՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ։
Անցած շաբաթ Աբրամովիչը հայտարարել է, որ մտադիր է վաճառել «Չելսին» մոտ 20 տարի ղեկավարելուց հետո, իսկ վաճառքից ստացված մաքուր եկամուտը տրամադրվելու է «Ուկրաինայի պատերազմի բոլոր զոհերին»: Հայտարարության մեջ նա ասել է, որ որոշումը «բխում է ակումբի շահերից»: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն մինչեւ ֆուտբոլային ակումբի վաճառքը, որի եկամուտը գնահատվում է մոտ 3 միլիարդ ֆունտ սթեռլինգ։
Ըստ ՄԲ-ի կառավարության հայտարարության՝ Պուտինին եւ նրա շրջապատին մեկուսացնելու Մեծ Բրիտանիայի ջանքերի շրջանակում այս օլիգարխների ակտիվները կսառեցվեն երկրում, կարգելվի նրանց մուտքը ՄԲ։ Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 15 միլիարդ ֆունտ սթեռլինգ։
Վերջերս ՄԲ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում են հայտնվել՝
Ռոման Աբրամովիչ՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ում կարողությունը գերազանցում է 9 միլիարդ ֆունտը;
առաջատար արդյունաբերող Օլեգ Դերիպասկա՝ 2 միլիարդ ֆունտ կարողությամբ;
Իգոր Սեչին՝ «Ռոսնեֆտ»-ի գլխավոր տնօրեն։
Պուտինին մտերիմ ռուսաստանցի օլիգարխների եւս մեկ խումբ հայտնվել է ցուցակում, նրանց թվում են՝
Անդրեյ Կոստին՝ ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ;
Ալեքսեյ Միլլեր՝ «Գազպրոմ»-ի գործադիր տնօրեն;
Նիկոլայ Տոկարեւ՝ «Տրանսնեֆտ» ընկերության նախագահ;
Դմիտրի Լեբեդեւ՝ Ռուսաստանի Բանկի տնօրենների խորհրդի նախագահ:





























