Կիեւը չի կարող կանգնեցնել պատերազմը, եթե Մոսկվան նման ցանկություն չունի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Անթալիայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է УНИАН-ը։

«Մենք չենք կարող կանգնեցնել պատերազմը, եթե երկիրը, որը ագրեսիա եւ հարձակում է իրականացրել, ցանկություն չունենա դա անել»,- ասել է Կուլեբան:

«Ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ Ուկրաինան չի հանձնվել, չի հանձնվում եւ չի հանձնվելու։ Մենք պատրաստ ենք դիվանագիտության, փնտրում ենք դիվանագիտական ​​լուծումներ, բայց քանի դեռ դրանք չկան, մենք անձնուրաց, զոհաբերելով ինքներս մեզ, պաշտպանելու ենք մեր հողը, մեր ժողովրդին ռուսական ագրեսիայից»,- ընդգծել է նախարարը։

Միաժամանակ, Կուլեբան հույս է հայտնել, որ այսօր առկա ձեւաչափը շարունակելի կլինի։ «Ես պատրաստ եմ դրան, եթե ռուսական կողմը պատրաստ է բովանդակային քննարկման»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինային այսօր անհրաժեշտ է  լուրջ եւ առարկայական խոսակցություն՝ առանց կլիշեների։