Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի հավատում, որ միջուկային պատերազմ կսկսվի։ Նա նշել է, թե Մոսկվային անհանգստացնում է, որ Արեւմուտքը «ըստ Ֆրոյդի» անընդհատ խոսում է միջուկային պատերազմի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ուզում հավատալ դրան եւ չեմ հավատում։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ վերջին տարիներին Ուկրաինայում ծավալվող եւ վերջին ամիսների ու շաբաթների ընթացքում սրված իրադարձությունների համատեքստում միջուկային թեման, այս դիսկուրսը հնչեցրել են բացառապես արեւմտյան ներկայացուցիչները, առաջին հերթին՝ նատօականները»,- ասել է Լավրովը՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցություններից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Խոսելով Ուկրաինային արտասահմանից զենք մատակարարելու մասին՝ Լավրովը նշել է, որ նման սպառազինություններն ուր ասես կարող են տեղաշարժվել, եւ հաճախ օգտագործվում են ահաբեկիչների կողմից՝, որպեսզի սպառնալիքներ ստեղծեն քաղաքացիական ավիացիայի համար։ «Որտե՞ղ կհայտնվեն այս հազարավոր շարժական զենիթահրթիռային համակարգերը, դա այն հարցն է, որը մենք տալիս ենք Եվրամիության մեր գործընկերներին, երբ նրանք հետաքրքրություն են ցուցաբերում այն բանի հանդեպ, թե ինչպես վերջ տալ Ուկրաինայի կողմից երկար տարիներ Ռուսաստանի համար վտանգ ստեղծող քաղաքականությանը: Ինչպե՞ս են հետո վերահսկվելու այս ՀԶՀՀ-ները: Ուստի երկար տարիներ ուկրաինական երկնքում քաղաքացիական ավիացիայի համար կստեղծվեն ռիսկեր եւ սպառնալիքներ, դրանք կարող են տարածվել ամբողջ Եվրոպայում»,- նշել է Լավրովը։
Նա հավելել է, որ նրանք, ովքեր զենք են լցնում Ուկրաինա «պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար ճիշտ այնպես, ինչպես նրանք, ովքեր խրախուսում են վարձկանների ուղարկումը Ուկրաինա, որպեսզի պայքարեն այն ավանդույթների ոգով, որոնք ծայրահեղ արմատականները եւ բոլոր տեսակի գումարտակները ներդրել են ուկրաինական առօրյա կյանքում։





























