Ամերիկացիների երեք քառորդը կփոխի իր կենսակերպը, եթե ԱՄՆ-ում վառելիքի գները շարունակեն աճել եւ հասնեն 5 դոլարի մեկ գալոնի (3,785 լիտր) դիմաց, վկայում է «Ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիա» հասարակական կազմակերպության հարցումը:

Դրա տվյալներով՝ հարցվածների 59 տոկոսը նաեւ ասել է, որ մեկ գալոնի դիմաց 4 դոլարի դեպքում պետք է փոխել անձնական տրանսպորտով երթեւեկելու սովորությունը, ավելի մանրամասն պլանավորել երթուղիները՝ անձնական եւ աշխատանքային գործերը դրանցում համատեղելու համար, ինչպես նաեւ կրճատել խանութներ այցեր:

Հարցումն անցկացվել է փետրվարի 18-21-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 18 եւ բարձր տարիքի 1051 ԱՄՆ բնակիչ:

ԱՄՆ բենզալցակայաններում բենզինի արժեքը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է պատմական առավելագույնը, հինգշաբթի այն Regular ապրանքանիշի (համապատասխանում է AI-92 բենզինին) մեկ գալոնի համար գերազանցել է 4,31 դոլարը: Կալիֆոռնիայում մեկ գալոն բենզինի գինն արդեն գերազանցել է 5 դոլարը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ սովորական ամերիկացիների համար վառելիքի գները կշարունակեն աճել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով։

2021թ․ Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է ԱՄՆ նավթի ընդհանուր ներմուծման մոտ 3 տոկոսը, մատակարարումները 2020թ․ համեմատ աճել են 2,7 անգամ՝ հասնելով 72,608 մլն բարելի։ Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումն աճել է 1,5 տոկոսով՝ հասնելով 172 586 մլն բարելի։ Հիմնականում ներկրումներ կատարվում են Հավայան կղզիներ եւ առափնյա շրջաններ, որտեղ նավթավերամշակող ձեռնարկությունները մուտք չունեն ամերիկյան խոշոր հանքավայրերը կապող խողովակաշարերին: Փետրվարի 19-25-ը ԱՄՆ-ը զրոյացրել է նավթի ներկրումը Ռուսաստանից։