Բորսայում ուրանի գները աճել են մինչեւ ռեկորդային ցուցանիշների, ինչպիսիք վերջին անգամ դիտարկվել են 2011թ․ Ֆուկուսիմայի ԱԷԿ-ում վթարից հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով UxC ընկերության տվյալները։

Էտալոնային Ux U3O8 ուրանի գինը բարձրացել է մինչեւ 59,75 դոլար մեկ ֆունտի դիմաց: Գործակալությունում կարծում են, որ դա «Ռոսատոմի» դեմ պատժամիջոցների հնարավոր անհանգստությունների պատճառով կարող էր տեղի ունենալ։ Այսպես, ռուսական ընկերությանն ու նրա դուստր ձեռնարկություններին բաժին է ընկնում ուրանի համաշխարհային հարստացման առնվազն 35 տոկոսը։

«Քանի որ Արեւմուտք ռուսական հարստացված ուրանի ներմուծման ապագա սահմանափակումների հեռանկարները մնում են բարձր, կարծես թե, ուրանի գների վրա ճնշումը դժվար թե դադարի»,- նշել է UxC-ի նախագահ Ջոնաթան Հինցը:

Սակայն գործակալության կողմից հարցված փորձագետները համակարծիք են եղել, որ շուկայում ուրանի իրական պակաս դժվար թե լինի, քանի որ հակառակ դեպքում ատոմակայանները կարող են կանգնել: Ուստի, եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, ապա կան ուրանի մատակարարներ, որոնք կարող են մեծացնել արդյունահանումը եւ երկարաժամկետ հեռանկարում ապահովել դրա արտադրությունը։

Վերջին անգամ ուրանի համաշխարհային գները կտրուկ աճել են հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Հունվարի 6-ին գներն աճել են 8 տոկոսով՝ հասնելով 45,25 դոլարի մեկ ֆունտի դիմաց։ Մինչ այդ ուրանը 2021թ․ սեպտեմբերին էր կտրուկ՝ գրեթե մեկ քառորդով, թանկացել։