Ուկրաինայում Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալներն ավելացել են ավելի քան 5000 տոկոսով 2022 թ. առաջին երկու ամիսների ընթացքում, հաղորդում է Middle East Eye հարթակը:

Արտահանման ընդհանուր արժեքը հասել է 59 միլիոն դոլարի՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 970 հազար դոլարի, հայտնել է Լոնդոնի լրատվական պարբերականը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների ասամբլեայի հրապարակած տվյալները:

Թուրքիան սերտ հարաբերություններ է հաստատել Ուկրաինայի անվտանգության ոլորտի հետ՝ երկրին 2019թ. մատակարարելով Bayraktar TB2 մարտական անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը եւ զարգացնելով այդ տեխնոլոգիան համատեղ արտադրելու ծրագրերը:

Ուկարինական ճգնաժամի էսկալացիայից հետո Անկարան ձգտում է նվազեցնել Կիեւին զենք մատակարարելու կարեւորությունը: Հայտնի է, որ, ըստ ամենայնի, Ուկրաինան ստացել է նոր անօդաչուներ հակամարտության առաջին օրերից, նշում է Middle East Eye-ը:

Մարտի 4-ին նկատվել էին բեռնատար ինքնաթիռները, որոնք ուղեւորվում էին Ուկրաինա Թուրքիայի Թեքրիդաղ քաղաքից, որտեղ տեղակայված է Bayraktar TB2 Baykar-ի արտադրողը: Հակամարտության վայրից լուսանկարները նույնպես մատնանշում են, որ ուկրաինական ուժերն օգտագործում են թուրքական արտադրության այլ ռազմական տեխնիկա եւս, այդ թվում՝ ռադիոկայաններ, զրահաբաճկոններ եւ սաղավարտներ:

Նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քիրանը հայտարարել էր, որ զենքի վաճառքը կոմերցիոն գործարք է մասնավոր արտադրողների հետ, ոչ թե Թուրքիայի կողմից ռազմական օգնություն: