Վերջերս տեղի ունեցած իրադարձությունները, հատկապես՝ իրավիճակն Ուկրաինայում, բացահայտ կերպով ցուցադրել են գլոբալ անվտանգության նոր ճարտարապետության անհրաժեշտությունը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կրկնելով իր կոչերը ՄԱԿ-ում եւ Անվտանգության խորհրդում բարեփոխումներ իրականացնելու մասին:
«Իմ նշած բազմաթիվ խնդիրների պատճառը հաստատված կարգն է, որն ընդունվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ակնհայտ է, որ անվտանգության ներկայիս ճարտարապետությունը չի կարող բավարարել ներկայիս կարիքները»,-ասել է նա Անթալյայում դիվանագիտական ֆորում ժամանակ ելույթ ունենալիս:
«Հակամարտող կողմերից մեկն ունի վետոյի իրավունք... Քանի որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձեւերը չունեն պարտադիր ուժ, հակամարտությունները դադարեցնելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել... Երբ մենք ասում ենք, որ աշխարհը հինգ երկրներից ավելին է, մենք ոչ միայն պահանջներ ենք ներկայացնում, այլ նաեւ փորձում ենք իրացնել համայն մարդկության, մեր ժողովրդի իրավունքներն ու շահերը... Ներկայում մենք ավելի ակտիվորեն կշարունակենք գործադրել մեր ջանքերը ՄԱԿ-ում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Համակարգը, որը թույլ է տալիս հինգ երկրներին կանխորոշել 193 երկրների ճակատագիրը, անարդար համակարգ է եւ պետք է դարձյալ բարեփոխվի»,-հավելել է նա:





























