Կիեւի իշխանություններն արգելել են քաղաքապետներին շփումներ ունենալ ռուսական կողմի հետ, իսկ նրանց, ովքեր չեն համաձայնվում, գնդակահարում են: Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, հաղորդում է «ՏԱՍՍը»:

Նրա խոսքով՝ Կիեւի իշխանություններն արգելել են քաղաքապետներին ցանկացած շփումներ ունենալ ռուսական կողմի հետ, այդ թվում՝ հումանիտար միջանցքներ կազմակերպելու ուղղությամբ: «Համաձայնություն չտված բոլոր պաշտոնյաները պարզապես գնդակահարվում են»:

Նա հայտնել է, որ ուկրաինական կողմի մեղքով տապալվել է տարհանումն Իզյում քաղաքից դեպի Լոզովոյ քաղաք: «Դա այն երթուղին է եւ այն հումանիտար միջանցքը, որը հենց Կիեւի իշխանություններն են մեզ առաջարկել: Երթուղիներն ականապատվել են, ճանապարհի հատվածները հրետակոծվում են Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Լոզովոյ քաղաքի մերձակայքում»,-հավելել է Միզինցեւը:

Նա նաեւ հայտնել է, որ Ուկրաինայի նավահանգիստներում օտարերկրյա նավերը չեն կարող հեռանալ ականային բարձր վտանգի պատճառով:

«Օտարերկրյա գործընկերները հատկապես մտահոգված են, քանի որ ավելի քան 50 նավեր չեն կարող անվտանգ դուրս բերվել Ուկրաինայի նավահանգիստներից ականային սպառնալիքի հետեւանքով, որը ստեղծել են Կիեւի իշխանություններն իրենց ներքին ջրերում, ինչպես նաեւ կա մտավախություն Ուկրաինայի Զինուժի կողմից հնարավոր սադրանքների, այդ թվում նավերն ափից հրետակոծության վերաբերյալ»,-ասել է նա:

Նրա տվյալներով՝ ներկայում Ուկրաինայի նավահանգիստներում կա ավելի քան 50 օտարերկրյա նավ, որոնց անձնակազմում Ադրբեջանի, Հունաստանի, Վրաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի, Ֆիլիպինների եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ են:

Միզինցեւի գնահատմամբ՝ ականային վտանգ ստեղծելու ուղղությամբ Ուկրաինայի գործողությունները խախտում են միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, որոնք վերաբերում են երրորդ երկրների քաղաքացիական նավերի անվտանգությանը սպառնացող ականների տեղադրմանը:

«Կոչ ենք անում ուկրաինական կողմին կատարել միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու ապահովել ուկրաինական նավահանգիստներից օտարերկրյա նավերի անվտանգ դուրսբերումը: Կրկին ընդգծում ենք, որ Ռուսաստանի Զինուժը վտանգ չի ստեղծում Ազովի, Սեւ ծովերում, ինչպես նաեւ Համաշխարհային օվկիանոսի այլ շրջաններում նավագնացության համար»,-ասել է նա: