Իտալական օդատիեզերական եւ պաշտպանական Leonardo ընկերությունը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը կարագացնի համաեվրոպական պաշտպանական ներուժ ստեղծելու ծրագրերը, եւ ռազմական ծախսերի ավելացում է ակնկալում, գրում է Reuters-ը։
«Ես վստահ եմ, որ այս ողբերգական իրադարձությունը կբարձրացնի պաշտպանության համակարգումն ու ծախսերը (Եվրոպայում)»,- հայտարարել է Leonardo-ի գլխավոր տնօրեն Ալեսանդրո Պրոֆյումոն՝ հավելելով, որ Լեոնարդոն արդեն մասնակցել է ԵՄ մի քանի ծրագրերի, այդ թվում՝ EuroMale անօդաչու թռչող սարքի եւ Tempest ռեակտիվ կործանիչի նախագծերին: Բացի այդ, ըստ Պրոֆյումոյի, ԵՄ երկրները նաեւ պետք է ավելի շատ համագործակցեն ցամաքային պաշտպանության ոլորտում։
Անցյալ ամիս Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր 100 միլիարդ եվրոյի նոր հիմնադրամի ստեղծման մասին, որը կրկնակի շատ է զինված ուժերի արդիականացման համար անցյալ տարվա պաշտպանական տարեկան բյուջեից, ներառյալ մարտական անօդաչու թռչող սարքերի եւ նոր կործանիչների գնումը:
Իտալիան, որն այս տարի նախատեսում է 26 մլրդ եվրո ծախսել պաշտպանության վրա, նույնպես ակնկալում է ավելացնել իր ռազմական ծախսերը, անցյալ շաբաթ ասել է վարչապետ Մարիո Դրագին:
Դանիան, Լեհաստանը եւ Շվեդիան հայտարարել են, որ կավելացնեն պաշտպանական ծախսերը, երբ պատերազմն իրենց շեմին լինի:
Պետության կողմից վերահսկվող ընկերությունն ակնկալում է, որ իր դրամական հոսքը այս տարի 2021թ․ համեմատ կկրկնապատկվի եւ 500 միլիոն եվրոյի կհասնի:
Ակնկալվում է, որ դրամական միջոցների գեներացումը առաջիկա տարիներին կշարունակի աճել՝ պետական եւ պաշտպանական ձեռնարկությունների վաճառքի հաշվին, ասել է ֆինանսական տնօրեն Ալեսանդրա Ջենկոն:
Անցյալ տարի 14,1 մլրդ եվրոյի հասույթի 88 տոկոսը ստացվել է այդ գործունեությունից, մինչդեռ առեւտրային ինքնաթիռների մասերի արտադրությունը նվազել է, ինչը ստիպել է խմբին վերակազմավորել իր Aerostructures ստորաբաժանումը:
Leonardo-ի բաժնետոմսերը Միլանում ժամը 1100-ին աճել են 12 տոկոսով՝ հասնելով ավելի քան երկու տարվա առավելագույնին:
Leonardo-ն հայտարարել է, որ օդատիեզերական տեխնիկայի, պաշտպանության եւ անվտանգության շուկայի աճը առաջիկա հինգ տարիների ընթացքում միջինը մոտ 6 տոկոս կկազմի, իսկ դրա նպատակային շուկան ընդհանուր ծավալի մոտ մեկ հինգերորդն է կազմում:





























