ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը մարտի 12-ին կընդունի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Նախ մենք կչեղարկենք Ռուսաստանի համար առեւտրում առավելագույն բարենպաստման ռեժիմը: Դա կչեղարկի կարեւոր առավելությունները, որոնցով Ռուսաստանն օգտվում էր՝ որպես Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Ռուսական ընկերություններն այլեւս արտոնյալ չեն համարվի մեր էկոնոմիկայում:

Մենք նաեւ կաշխատենք Ռուսաստանի անդամությունն առաջատար բազմակողմանի ֆինանսական ինստիտուտներում՝ ներառյալ Արժույթի միջազգային հիմնադրամում ու Համաշխարհային բանկում դադարեցնելու ուղղությամբ: Մենք կհոգանք, որպեսզի Ռուսաստանը չկարողանա ստանալ ֆինանսավորում, վարկեր կամ ինչ-որ այլ շահ այդ կազմակերպություններից:

Այնուհետեւ, մենք կշարունակենք ճնշում գործադրել Պուտինին մտերիմ ռուսական էլիտայի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների ու աջակիցների վրա: Մեծ յոթնյակի ֆինանսների, արդարադատության եւ ներքին գործերի նախարարները կհանդիպեն հաջորդ շաբաթ, որպեսզի համակարգեն նպատակային խմբի աշխատանքը, որը մենք ստեղծել ենք Պուտինի կամակատարների դեմ պայքարելու համար:

Մենք նաեւ հետեւում ենք, որ Ռուսաստանն ու նրա էլիտան չկարողանան կրիպտոարժույթ օգտագործել պատժամիջոցները շրջանցելու համար: Մենք թույլ չենք տա Պուտինի մերձավոր խմբին եւ նրա պատերազմի ճարտարապետներին օգտագործել այդ ակտիվները իրենց հարստությունը մեծացնելու եւ փոխանցելու համար:

Ավելին, մենք կարգելենք դեպի Ռուսաստան մեր երկրներից ԵՄ ցանկացած շքեղության պարագաների արտահանումը՝ որպես ռուսական էլիտայի նկատմամբ ուղիղ հարված: Նրանք, ովքեր սատարում են պուտինյան ռազմամեքենան, այլեւս չպետք է վայելեն իրենց շքեղ կենսակերպը:

Ի լրումն՝ մենք կարգելենք ՌԴ-ից սեւ մետալուրգիայի հիմնական ապրանքների ներկրումը: Դա կհարվածի ռուսական համակարգի կենտրոնական հատվածին, կզրկի այն միլիարդների հասնող արտահանման եկամուտներից եւ կերաշխավորի, որ մեր քաղաքացիները չեն սուբսիդավորի Պուտինի պատերազմը:

Եւ վերջապես, մենք կշարունակենք արգելել եվրոպական նոր ներդրումները Ռուսաստանի էներգետիկայի հատվածում: Քանի որ մենք չպետք է զարգացնենք էներգետիկ կախվածությունը, որը մենք ցանկանում ենք անցյալում թողնել: Այդ արգելքը կտարածվի բոլոր ներդրումների, տեխնոլոգիաների փոխանցման, ֆինանսական ծառայությունների եւ այլ գործողությունների վրա, որոնք կապված են էներգիայի արդյունահանման հետ:

ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի քաջարի ժողովրդի կողքին: Ահա թե ինչու այսօր առավոտյան մենք հատկացրել ենք 300 միլիոն եվրո մակրոֆինանսական արտակարգ օգնության տեսքով Ուկրաինայի ֆինանսական դաշտը սատարելու համար: Դա  1,2 միլիարդ եվրոյի չափով մեր ֆինանսական օգնության փաթեթի առաջին փոխանցումն էր: Հաջորդ փոխանցումները կլինեն ավելի մեծ չափով: Այս ճգնաժամն աննախադեպ է»,-նշվում է հայտարարության մեջ: