Հայաստանում գոյություն ունի չինովնիկների ամենաթողություն, իսկ շարքային քաղաքացիներն անպաշտպան են: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Հայելի» ակումբում այսոր հայտարարեց, որ անցած տարվա համեմատ աճել են ՄԻՊ գրասենյակին ուղղված դիմում-բողոքների քանակը: 2008թ. առաջին վեց ամիսների ընթացքում ՄԻՊ գրասենյակը ստացել է 1768 դիմում-բողոք, իսկ 2009թ, նույն ժամանակահատվածում 1833 դիմում: Ընդ որում, 127 տոկոսով ավելացել են բողոքները խոցելի խմբերի կողմից:

Ամենից շատ Մարդու իրավունքների պաշտպանին բողոքում են ոստիկանությունից: Երկրորդ տեղում է կրթության եւ գիտության նախարարությունը, ապա՝ քաղաքապետարանը, դատարանները եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Արմեն Հարությունյանը կոնկրետ փաստերով ներկայացրեց հայաստանյան պաշտոնյաների ամենաթողությունն ու անլուրջ վերաբերմունքը: Օրինակ, ՄԻՊ-ը Մարաշի կադաստրի վերաբերյալ բողոք էր ստացել եւ դիմել կադաստրին, որտեղից ՄԻՊ գրասենյակին տեղեկացրել էին, թե պատրաստ են տեղեկություն տրամադրել, բայց դրա համար պիտի վճարել: «Սա արդեն աբսուրդի թատրոնի է վերածվում: Մարդիկ իրենց նեղություն չեն տալիս օրենքը կարդալու»,- արձանագրեց Արմեն Հարությունյանը: Մեկ ուրիշ դեպքում էլ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Հունանյանը քաղաքացու բողոքի վերաբերյալ ՄԻՊ-ին պատասխանել էր, թե այդպիսի բողոք չկա, իսկ բողոքում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը: «Եթե բողոք չի ուղարկել, այդ ի՞նչ տվյալներ են»,- ոստիկանի «կուռ» տրամաբանության վրա զարմացավ ՄԻՊ-ը:

Ի դեպ, պաշտպանի արագ արձագանքման խումբը շրջել է ոստիկանական բաժանմունքներում եւ մեկուսարաններում եւ առնվազն 57 անձի դեպքում արձանագրել, որ մարդկանց պահում են ապօրինաբար, ժամկետից ավելի: «Սա իշխանությունները կարող են ընդունել որպես ահազանգ»,- ազդարարեց Արմեն Հարությունյանը՝ նկատելով, որ Հայաստանում ամենաթողություն է տիրում: