Խորվաթիան ՆԱՏՕ-ին քննադատել է իր տարածքում ռուսական ԱԹՍ-ի թռիչքին դանդաղ արձագանքելու համար, հաղորդում է AP-ը։
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ խորվաթ պաշտոնյաները հայտնել են, որ ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը, որը, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտուց թռչել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքով, հատել է Խորվաթիայի տարածքը։
Հաղորդվում է, որ ռուսական արտադրության ԱԹՍ-ն հատել է Ռումինիայի եւ Հունգարիայի տարածքը, որից հետո մտել է Խորվաթիա, ապա հինգշաբթի ուշ երեկոյան հայտնվել ուսանողական հանրակացարանի մոտ գտնվող դաշտում։ Վնասվել է մոտ 40 կայանված ավտոմեքենա, սակայն պայթյունից տուժածներ չկան։
ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ դաշինքի ինտեգրված հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունը հետեւել է օբյեկտի թռիչքուղուն։ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն ասել է, որ երկրի իշխանությունները տեղյակ չեն եղել, իսկ ՆԱՏՕ-ն արձագանքել է միայն լրագրողների հարցերից հետո։
«Մենք չենք կարող հանդուրժել այս իրավիճակը, եւ դա չպետք է տեղի ունենար»,- ասել է Պլենկովիչը վթարի վայր կատարած այցի ժամանակ:
«Դա բացահայտ սպառնալիք է, եւ՛ ՆԱՏՕ-ն, եւ՛ ԵՄ-ն պետք է արձագանքեին։ Մենք աշխատելու ենք ոչ միայն մեր, այլ նաեւ մյուսների պատրաստվածությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասել է նա։
Պլենկովիչի խոսքով՝ խորհրդային Տու-141 «Ստրիժ» ԱԹՍ-ն թռիչք է իրականացրել Հունգարիայի երկնքում ավելի քան 40 րոպե, 6-7 րոպե՝ Խորվաթիայի երկնքում՝ նախքան ընկնելը։





























