ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության տարածքներում հումանիտար իրավիճակի վերաբերյալ զրուցակիցների բարձրացրած հարցերի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է իրերի իրական վիճակի մասին։ Մասնավորապես, բերվել են Ուկրաինայի ուժայինների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր՝ ոչ դատական հաշվեհարդարներ այլախոհների նկատմամբ, պատանդներ վերցնել եւ քաղաքացիական անձանց որպես կենդանի վահան օգտագործել, բնակելի թաղամասերում, հիվանդանոցների, դպրոցների, մանկապարտեզների մոտ եւ նման այլ վայրերում ծանր զենք տեղադրել... Միաժամանակ, ազգայնական գումարտակները սիստեմատիկ կերպով խափանում են բնակչությանը փրկելու աշխատանքները եւ տարհանվելիս վախեցնում են խաղաղ քաղաքացիներին: Վլադիմիր Պուտինը Էմանուել Մակրոնին եւ Օլաֆ Շոլցին կոչ է արել ազդել Կիեւի իշխանությունների վրա, որպեսզի նման հանցավոր գործողությունները դադարեցվեն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի նախագահը մանրամասն պատմել է վերջին օրերին տեսաֆորմատով անցկացված ռուս եւ ուկրաինացի ներկայացուցիչների բանակցությունների շարքի մասին։ Այդ կապակցությամբ երեք երկրների ղեկավարները քննարկել են ռուսական հայտնի պահանջների կատարման շուրջ մշակվող պայմանավորվածությունների հետ կապված որոշ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ուկրաինական խնդիրների շուրջ շփումները։





























