«Ռոսկոմնադզորը» հաղորդել է, որ Instagram սոցիալական ցանցի արգելափակումն անհրաժեշտ է այդ թվում «քաղաքացիների, առաջին հերթին երեխաների եւ դեռահասների հոգեբանական առողջությունը» ապահովելու համար։ Գերատեսչությունում նաեւ հույս են հայտնել, որ ռուսաստանցիները կկարողանան արագ անցնել «ВКонтакте»-ին եւ «Одноклассники»-ին։ Բացի այդ, ըստ «Ռոսկոմնադզորի», Instagram-ն աջակցում է «ցեղասպանությանը», գրել է «Կոմերսանտը»։
«Մենք պետք է ապահովենք քաղաքացիների, առաջին հերթին երեխաների եւ դեռահասների հոգեբանական առողջությունը, պաշտպանենք նրանց առցանց ոտնձգություններից եւ վիրավորանքներից»,- ասվում է «Ռոսկոմնադզորի» հաղորդագրության մեջ, որը, ըստ TJ-ի, «Պետծառայություններ» պորտալում ստացել է հրատարակության աշխատակիցներից մեկը:
«Քանի որ Ռուսաստանը մի երկիր է, որն ունի իր մրցունակ ինտերնետային հարթակները, այդ թվում՝ «ВКонтакте» եւ «Одноклассники» սոցիալական ցանցերը, որոնցում տասնյակ միլիոնավոր օգտատերեր են գրանցված, հուսով ենք, որ ձեր անցումը այս ինտերնետային միջավայրեր արագ կկատարվի, իսկ ապագայում դուք հաղորդակցության ու բիզնեսի նոր հնարավորություններ կբացահայտեք»,- հայտնել է «Ռոսկոմնադզորը»:
«Instagram սոցիալական ցանցի ղեկավարությունը, ի հեճուկս միջազգային իրավունքի, պատմության մեջ առաջին անգամ եւ միայն ռուսաստանցիների դեմ է թույլատրել բռնության կոչերը, Գլխավոր դատախազությունը որոշել է արգելել այս սոցիալական ցանցը Ռուսաստանում։ Ազգային համայնքի կամ քաղաքացիության հիման վրա միավորված մարդկանց նկատմամբ բռնության կոչերը «ցեղասպանություն» որակված հանցագործության մի մաս են կազմում, ինչն արգելված է ՄԱԿ-ի 1948թ․ կոնվենցիայով»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
«Ռոսկոմնադզորը» խոստացել է մարտի 14-ի կեսգիշերին ամբողջությամբ արգելափակել Instagram-ը։





























