Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ 1999թ․դաշինքի կողմից Սերբիայի ռմբակոծությունները ագրեսիա էին, գրում է «Կոմերսանտը»։
«Մեր հակառակորդներն ասում են, որ մենք պետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին։ Իսկ իմ պատասխանն է՝ մենք չպետք է անդամակցենք ՆԱՏՕ-ին, որովհետեւ մենք ունենք մեր բանակը, որը պաշտպանում է մեր հողն ու երկինքը։ Այստեղից ոչ հեռու նրանք սպանել են Միլիցա Ռակիչին (երկուսուկես տարեկան մի աղջիկ, որը մահացել է ռմբակոծության ժամանակ. - «Կոմերսանտ»)։ Շուտով մենք կնշենք ագրեսիայի տարելիցը եւ չենք վարանի ու դա կանվանենք ագրեսիա, ոչ թե միջամտություն կամ արշավ»,- ասել է Վուչիչը (մեջբերումը «ՌԻԱ Նովոստի»-ի):
«Շատ կարեւոր է պահպանել խաղաղությունն ու կայունությունը։ Քաղաքական ճնշման մասին էլ չեմ խոսի, գիտեմ, որ դուք էլ եք դա զգում։ Հիմա ամբողջ աշխարհում հիստերիա է տիրում»,- ասել է Սերբիայի նախագահը։
ՆԱՏՕ-ի ուժերի կողմից «Դաշնակից ուժերի» գործողության շրջանակներում Հարավսլավիայի ռմբակոծությունները սկսվել են մարտի 24-ին եւ ավարտվել 1999թ․ հունիսի 10-ին: Հարավսլավիայի իշխանությունների տվյալներով՝ ռմբակոծությունների ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1700, այդ թվում՝ գրեթե 400 երեխա, մոտ 10 000 մարդ վիրավորվել է։





























