Ռուսաստանը շաբաթ օրը 10 մարդասիրական միջանցք է տրամադրել Ուկրաինայից Ռուսաստան տարհանման համար, որոնցից ոչ մեկը չի հաստատվել Կիեւի իշխանությունների կողմից, ասել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Այսօր առավոտյան ժամը 10-ից Ռուսաստանի Դաշնությունը արդեն ութերորդ անգամ հումանիտար միջանցքներ տրամադրեց կիեւյան, չեռնիգովյան, սումյան, խարկովյան եւ մարիուպոլյան ուղղություններով, մեկական մարդասիրական միջանցք Ռուսաստանի Դաշնություն եւ եւս մեկական՝ կիեւյան իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներով դեպի Ուկրաինայի արեւմտյան սահմաններ»,- շաբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Միզինցեւը։

Նա հայտնել է, որ ռուսական կողմի առաջարկած 10 երթուղիներին Ուկրաինան ավելացրել է եւս մեկը՝ ժիտոմիրյան ուղղությամբ։

«Միեւնույն ժամանակ, դեպի Ռուսաստանի Դաշնություն ոչ մի մարդասիրական միջանցք պաշտոնական Կիեւի կողմից չի հաստատվել»,- ասել է Միզինցեւը։

Նրա խոսքով՝ շաբաթ օրը ռուս զինվորականները հումանիտար միջանցքներ են տրամադրել, որոնցով Պոլտավայի ուղղությամբ 8730 խաղաղ բնակիչ է մեկնել։

«Առանց ուկրաինական կողմի մասնակցության վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի տարբեր շրջանների, ինչպես նաեւ Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների վտանգավոր գոտիներից տարհանվել է 9787 մարդ, այդ թվում՝ 1738 երեխա»,- նշել է ՌԴ ՊԿԱԿ-ը։

«Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից արդեն տարհանվել է ավելի քան 231 000 մարդ, որից 51 996-ը՝ երեխաներ։ Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատել է 24 168 միավոր անձնական տրանսպորտային միջոց, որից 915-ը՝ մեկ օրում»,- ասել է Միզինցեւը։

Միզինցեւը հավելել է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի եւս 20 000 բնակիչներ ցանկություն են հայտնել տարհանվել Ռուսաստան, եւ ընդհանուր առմամբ նրանց թիվը գերազանցել է 2,6 միլիոնը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Միայն անցած օրվա ընթացքում գրանցվել է 19 963 նման դիմում, իսկ կոնկրետ անուններով եւ հասցեներով դրանց թիվն ընդհանուր առմամբ հասնում է 2 638 989-ի՝ ուկրաինական գրեթե երկու հազար բնակավայրերից»,- ասել է Միզինցեւը։

Նա նշել է, որ Կիեւի իշխանությունները շարունակում են հայտարարել Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող խաղաղ բնակիչների եւ օտարերկրացիների բացակայության մասին։

«Սակայն Ուկրաինայի քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրացիների կողմից տարհանման խնդրանքներով տարբեր խողովակներով դիմումների թվի ամենօրյա աճը հակառակն է հուշում»,- ասել է Ռուսաստանի Դաշնության ՊԿԱԿ-ի ղեկավարը:

Միզինցեւը նշել է, որ ռուս զինվորականները պահպանում են «լռության ռեժիմները»՝ Ուկրաինայի քաղաքներից բնակչության տարհանման համար։

«Չնայած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից «լռության ռեժիմի» լիակատար պահպանմանը, ուկրաինական կողմը շարունակում է ցինիկաբար խախտել դեպի Ռուսաստան հումանիտար միջանցքների բացման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կիեւ, Չեռնիգով, Խարկով, Սումի եւ Մարիուպոլ քաղաքներում բնակչության ծանուցում պարզապես չի իրականացվել»,- հավելել է նա։

Միեւնույն ժամանակ, Միզինցեւն ընդգծել է, որ Կիեւը հրաժարվում է հաստատել հումանիտար միջանցքները՝ Ռուսաստան ուկրաինացիների տարհանման համար։

«Ուկրաինայում հումանիտար իրավիճակը, ցավոք, շարունակում է արագորեն վատթարանալ, իսկ որոշ քաղաքներում այն հասել է աղետալի չափերի»,- նշել է Միզինցեւը։