Շաբաթ՝ մարտի 12-ին՝ նախատեսվածից 12 տարի ուշ, Ֆինլանդիայում էլեկտրացանցին է միացվել Olkiluoto ԱԷԿ-ի երրորդ միջուկային ռեակտորը: Շինարարությունն իրականացնող Areva-Siemens ֆրանկոգերմանական կոնսորցիումը պատրաստվում էր աշխատանքն ավարտել չորս տարվա ընթացքում եւ օբյեկտը գործարկել 2009թ., հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն:

Olkiluoto  ԱԷԿ-ը տեղակայված է երկրի արեւմտյան ափին: Դրա համար կառուցված ռեակտորն առաջինն էր Ֆինլանդիայում վերջին 40 տարվա ընթացքում, իսկ Եվրոպայում՝ ավելի քան 10 տարվա կտրվածքով: YLE ֆիննական իրավահասարակական մեդիաընկերության տվյալներով՝ նախագծի վերջնական արժեքը կազմել է 11 մլրդ եվրո: Դա երկու անգամ գերազանցում է նախնական բյուջեն:

Ռեակտորի օպերատոր Teollisuuden Voima ֆիննական ընկերության հաղորդմամբ՝ այն ամենաբարձր հզորությունը կգրանցի 2022թ. հուլիսին: Այդ ժամանակ այն կբավարարի Ֆինլանդիայում էներգակիրների ամբողջ պահանջարկի 12 տոկոսը՝ կրճատելով Նորվեգիայից, Ռուսաստանից ու Շվեդիայից այն ներկրելու անհրաժեշտությունը:

Ներկայում Ֆինլանդիան ունի հինգ միջուկային ռեակտոր երկու էլեկտրակայաններում, որոնք տեղակայված են Բալթիկ ծովի ափին: Ընդհանուր առմամբ դրանք բավարարում են երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկն ավելի քան 40 տոկոսով: