Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ բանակցային գործընթացում Ռուսաստանն ու Ուկրաինան մոտենում են փոխզիջումներին: Բացի այդ, նա համարում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջեւ հանդիպումը կարող է տեղի ունենալ, երբ կարգավորվեն բոլոր ընթացակարգային հարցերը, իսկ բանակցորդներն ու երկու երկրների ԱԳ նախարարները՝ ավարտեն իրենց աշխատանքը: Այդ մասին Պոդոլյակը հայտարարել է «Կոմերսանտ»-ին:
«Մենք առաջարկներ ունենք, որոնք պաշտպանում են մեր շահերը, դուրս բերում Ուկրաինային թիրախավորումից այն տեսանկյունից, որ չկրկնվեն նմանօրինակ իրավիճակները, հանգեցնում են Ուկրաինային դեպի փոխզիջումները ճիշտ իմաստով: Եւս մեկ անգամ եմ ընդգծում, որ ռուսական կողմը շատ ավելի ադեկվատ տեսակետ ունի իրավիճակի վերաբերյալ: Սակայն որոշ ժամանակ դեռեւս անհրաժեշտ է, որպեսզի նրանք 100 տոկոսով հասկանան այն իրավիճակը, որում հայտնվել է հենց Ռուսաստանը, ոչ թե Ուկրաինան»,-ասել է Միխայիլ Պոդոլյակը:
Միխայիլ Պոդոլյակի խոսքով՝ կողմերը մշտապես տեսահանդիպումներ են անցկացնում. բանակցային գործընթացի համար աշխատանքային խմբեր են ստեղծված: Կողմերը «սկսել են խոսել ինչ-որ բանի մասին, ոչ թե վերջնագրեր ներկայացնել»: Նրա խոսքով՝ ներկայում աշխատանքային խմբերը զբաղված են արդյունքների մասին փաստաթղթերի իրավական կարգավորմամբ: Ռուսաստանն ու Ուկրաինան նաեւ պայմանավորվել են չհրապարակել տեղեկատվությունը, քանի դեռ չեն համաձայնեցվել դիրքորոշումներն առանցքային հարցերի շուրջ:
Պոդոլյակը պարզաբանել է, որ կողմերը քննարկում են հրադադարի պայմանները, Ուկրաինայի ենթակառուցվածքն ավիրելու հետեւանքով վնասի փոխհատուցման հարցը, երկրի տարածքից ռուսական զորքը դուրս բերելու գործընթացն ու խաղաղության համաձայնագրի պայմանները, որի առանցքային դրույթը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին է:
Պոդոլյակը հայտարարել է առաջիկայում բանակցությունների չորրորդ փուլի մասին: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների երեք փուլերը կայացել են փետրվարի 28-ին, մարտի 3-ին եւ 7-ին: Դրանց արդյունքում կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցքներ խաղաղ բնակիչներին տարհանելու համար:





























