AirSerbia-ն օրական մեկ թռիչք կկատարի դեպի Մոսկվա, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, երբ նրան քննադատել են, որ երկրի ազգային արտադրողը խախտում է դեպի Ռուսաստան թռիչքների արգելքը, որը գործում է ԵՄ-ի շրջանակում, եւ հավելյալ շահույթ է հետապնդում Ուկրաինայում պատերազմի հաշվին, հաղորդում է AP-ը:
Ուկրաինայում հակամարտության առաջին օրերից սկսած՝ ավելի քան երկու շաբաթ առաջ, AirSerbia-ն կրկնապատկել է դեպի ՌԴ մայրաքաղաք կատարվող թռիչքների թիվն ու ներգրավել ավելի խոշոր ինքնաթիռներ տեղերն ավելացնելու համար:
Որոշ թուրքական փոխադրողների հետ մեկտեղ՝ սերբական ավիաընկերությունը միակ եվրոպական ընկերությունն է, որը շարունակում է թռիչքներ կատարել դեպի ՌԴ՝ չնայած Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո միջազգային թռիչքների արգելքին: Դա քննադատության ալիք է բարձրացրել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ուկրաինայի կողմից, նշում է տեղեկատվական գործակալությունը:
«Սերբիան Եվրոպայում միակ երկիրն է, որի երկինքը բաց է Ռուսաստանի համար»,-Թվիթերում գրել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Էմինե Ջապարովան: «Ուկրաինական արյան հաշվին գումար վաստակելը ԵՄ-ին անդամակցելու թեկնածու երկրին հարիր չէ»:
Վուչիչը հայտարարել է, որ ներկայում AirSerbia-ն օրական մեկ թռիչք կկատարի դեպի Մոսկվա:
«Եւ արդյո՞ք կբավարարվեն նրանք, ովքեր հետապնդում են Սերբիային՝ դեպի Ռուսաստանի մայրաքաղաք կատարվող թռիչքների կապակցությամբ»,- երեկ երեկոյան հեռուստահարցազրույցի ժամանակ հարցրել է Վուչիչը:





























