ԱՄՆ-ը չի բանակցի Ուկրաինայի կապակցությամբ Ռուսաստանին պատժամիջոցներից ազատելու մասին 2015թ. իրանյան միջուկային գործարքը փրկելու համար, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտում բարձրաստիճան աղբյուրին:
Փոխարենն ԱՄՆ-ը կփորձի այլընտրանքային համաձայնագիր կնքել, որը բացառում է Ռուսաստանին, եթե Կրեմլը հետ չկանչի իր պահանջները վերջին րոպեին, հայտարարել է պարբերականի զրուցակիցը:
Բարձրաստիճան աղբյուրն ասել է, որ, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը վտանգված է, Մոսկվան մեկ շաբաթ ունի, որպեսզի հետ կանչի Ուկրաինայի հետ կապված ցանկացած պատժամիջոցներից Ռուսաստանին ազատելու գրավոր երաշխիքների մասին պահանջը, որոնք կարող են սահմանափակել Իրանի հետ Մոսկվայի հետագա առեւտուրը:
Այդպիսի երաշխիքները կարող են ձախողել Արեւմուտքի պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժելու կապակցությամբ, ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան նախազգուշացրել էին Ռուսաստանին, որ նրա՝ Իրանի հետ առեւտուրը երաշխավորելու շուրջ պահանջները կարող են ձախողել գրեթե ավարտված միջուկային գործարքը:





























